
Թեհրանի «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանում տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվետ Թաջարյանի՝ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը, տեղեկացնում է Parstoday-ն:
Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ: Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում և լավագույնս պատկերում են ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը:

Միջոցառումը մեկնարկել է ազգային թանգարանի տնորեն Ալիս Շահմուրադյանի ողջույնի խոսքերով, ով անդրադարձել է նաև թանգարանի աշխատանքներին: Գրքի մասին համապարփակ բացատրություն է փոխանցել հեղինակ Իվետ Թաջարյանը, ընդգծելով, որ հայերենով, անգլերենով և պարսկերենով լույս տեսած եռալեզու սույն աշխատանքի մեջ հավաքագրված են Մատենադարանում առկա Իրանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ լավագույն ձեռագրերից մի ծաղկաքաղ:
Նա ընդգծել է, որ գիրքը հրատարակվել է Ռուսաստանից «Վիկտորիա» հիմնադրամի հովանավորությամբ եւ Գայանե Գևորգյանի ջանքերով, շատ քիչ տպաքանակով և մտադրություն կա վերահրատարակել աշխատությունը, քանզի գիրքը հուշում է Իրան-Հայաստան սերտ կապերի մասին: Նա նշել է. «Ես փորձել եմ, որպես իրանահայ իմ ներդրումը ունենալ այս գրքի կազմավորման մեջ, ձեռագրերի հավաքագրման և ուսումնասիրման հարցով»:

Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել՝ Իրանում ԻԿՕՄ-ի պատասխանատու Մոհիթ Թաբաթաբային, Իրանում ՀՀ դեսպանության դիվանագետ Գարիկ Գրիգորյանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահե Թարոյանը, իսկ եզրափակիչ խոսքով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը: Իր ելույթի ընթացքում Սրբազան Հայրը կարևորելով կատարված աշխատանքը և բարձր գնահատելով հեղինակին, գիրքը բացահայտ օրինակ է համարել Իրան-Հայաստան մշակութային և պատմական սերտ կապերի և կարևորել Իրանում հայկական կոթողների նկատմամբ Իրանի կառավարության անվերապահ ուշադրությունը, ընդգծելով, որ թէ՛ արևմտեան Հայաստանում, և թէ՛ այսօր Արցախում ցավոք թուրքերն ու ադրբեջանցիները ավերում են հայկական կոթողները:
Սրբազան Հայրը գնահատանքով անդրադարձել է Իրանի նման բարյացակամ մոտեցման մասին և հրատարակված գիրքը համարել երկու ժողովրդի հոգեկան, մշակութային, մտավորական կապը և գովեստով անդրադարձավ գրքի հեղինակ Իվետ Թաջարյանի մասին:




