ԿարևորՀասարակություն

Գլխավոր դատախազի թեկնածուն պատասխաններ ունի բոլոր «ախր»-ներին ու «արդյոք»-ներին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է գլխավոր դատախազի թեկնածությունը: Գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս աշնանը, և մինչ այդ Հայաստանի խորհրդարանը պետք է նոր գխավոր դատախազ ընտրի: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Թեկնածուն կարծում  է, որ դատաիրավական բարեփոխումների գործընթացում դատախազությունը լուրջ դերակատարություն ունի: Ինքն անձամբ նպատակ ունի կառույցում  օրենքի գերակայության ավելի բարձր նշաձող սահմանել:

Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Աննա Վարդապետյանը կարող է միայն գուշակել «ախր» և «արդյոք » բառերով սկսվող քանի ենթադրություն է հաղթահարվել նման որոշում կայացնելու համար։  «Ախր դատախազությունում չի աշխատել, ախր երիտասարդ է, ախր կին է, կհաջողի՞ արդյոք, արդյո՞ք չի գայթակղվի»։  Մինչ Աննա Վարդապետյանի առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում տարբեր որակումների է արժանանում, ինքը՝ թեկնածուն պատասխան ունի բոլոր «ախր»-ներին ու «արդյոք»-ներին։ Վերջին օրերին ժամանակ է ունեցել այդ հարցրերի մասին մտածելու համար․

«Գիտեք, այս 10 օրերի ընթացքում  եթերներից ու մասնավոր զրույցներից հնչող «ախր»-ներն ու «արդյոքները» ինձ հայելու հեքիաթն են հիշեցնում, երբ տարբեր մարդիկ հայելու մեջ նայում ու տարբեր պատկերներ են տեսնում։ Կայացած դատախազական համակարգը օրենքի գերակայության , հետևաբար նաև ժողովրդավարության կայացման երաշխիքն է»։

Աննա Վարդապետյանի առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում միանշանակ չի ընկալվել․ թեկնածության շուրջ վերապահումներ ունեն թե ընդդիմադիր, թե մասնագիտական շրջանակները։

Վարդապետյանի անունը, մասնավորապես,  կապվում է  գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ։  Հայրապետյանների պաշտպանը լրատվամիջոցներին տեղեկություններ էր փոխանցել, որոնք փաստում էին վարչապետի օգնականի միջամտությունը նախաքննությանը։  Իշխանությանն այս  միջադեպն  ակնհայտ թիրախավորում է համարում և հավաստիացնում, որ Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի լավագույն թեկնածուն է։ Ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների՝  ընդդիմադիրները  մտավախություններ ունեն։ Կարծում են, որ դատախազի պաշտոնը լուրջ փորձառություն և իրապես անկախ կարգավիճակ է պահանջում։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Աննա Վարդապետյանի առաջադրումը աբսուրդ է որակում․

«Երբ խոսում են ժողովրդավարությունից, իրենք անում են դրա ճիշտ հակառակը։ Գլխավոր դատախազը պետք է իրապես անկախ լինի, ոչ թե վարչապետի օգնականից դառնա դատախազ։ Ես Աննա Վարդապետյանին ճանաչում եմ։ Ցավում եմ, որ ինքն այս վիճակում է հայտնվել»։

Գլխավոր դատախազի թեկնածուն խոստովանում է՝  երբևէ չի հավակնել գլխավոր դատախազի պաշտոնին , ավելին՝ իր կարիերայի ընթացքում երկու անգամ հրաժարվել է գլխավոր դատախազությունում բարձր պաշտոնների առաջարկից։ Այսօր, ասում է, իրավիճակն այլ է․

«Բայց այսօր, հստակ գիտակցելով պաշտոնից բխող ահռելի պատասխանատվությունը, ես գնում եմ այդ գայլին, իսկ նպատակս մեկն է՝ իմ գիտելիքը ծառայեցնել օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանը ու դրանով նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը»։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը գլխավոր դատախազի թեկնածուին հիշում է դեռ վեթինգին նվիրված լսումներից։ Ասում է՝ տպավորված է ելույթից։ Հարցը սահմանադրական փոփոխությունների մասին է․

«Քանի որ հիմա սահմանադրական փոփոխությունների փուլ է, ինձ հետաքրքիր է Սահմանադրության հետ կապված ինչ առաջարկություններ ունե՞ք, թե այն, ինչ կա սահմանադրական նորմերում, բավարար է դատախազության մասով»։

Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշեց, որ մասնակցում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ու նաև խորհրդի աշխատանքներին՝ հրավիրյալ անձի կարգավիճակով․

«Այս փուլում աշխատանքներ են իրականացվում հենց սահմանադրության առանձին գլուխների վերաբերյալ առկա խնդիրների վերհանման ուղղությամբ։ Այս առումով ուսումնասիրություններ են իրականացվում և առաջիկայում արդեն հանձնաժողովի աշխատանքների շրջանակում հնարավորություն կունենամ ներկայացնել դատախազության բարեփոխումների վերաբերյալ մեր տեսլականը։ Ամենակարևորը վերականգնողական արդարադատության առանցքով կազմված առաջարկներ կլինեն»։

Պատասխանը Վիգեն Խաչատրյանին գոհացրեց։  Ինչ վերաբերում է «ախր»-ներին ու «արդյոքներին», դրանք պատգամավորը բնական է համարում․ մարդիկ չեն ճանաչում, անհանգստանում են․

«Բնական է, մարդիկ չեն ճանաչում։ Մարդիկ աշխատանքում չեն տեսել։ Այո, ես կարծում եմ շատերը հարցականով են վերաբերվելու՝ արդյո՞ք կկարողանա։ Ես կարծում եմ՝ դա լավ է, որովհետև այդ «արդյոքը» ենթադրում է հետաքրքրություն։ Ես կողմ եմ ու կարծում եմ, որ դա չպետք է անհանգստացնի համակարգի աշխատողներին։ Կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում նրանք ևս կհամոզվեն»։

Աննա Վարդապետյանից մեծ են նաև պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սպասելիքները․

«Տիկին Վարդապետյան, դուք շատ անկեղծ էիք։ Չէիք վախենում ասել այն, ինչ մտածում էիք։ Դատախազի համար ամենակարևոր գործառույթներից և հմտություններից մեկն է ասել այն, ինչ մտածում եք, անկախ նրանից ով է ձեր դիմաց կանգնած՝ դիմություն թե ընդդիմություն, ռամիկ թե թագավոր։ Ես լիովին համաձայն եմ՝ դատախազը պետք է դիտարկվի ոչ թե որպես մեղադրող, այլ արդարադատություն վերականգնող»։

ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրելու  քաղաքական բարդ իրավիճակում, պետության ներքին անվտանգությանը նետված մարտահրավերների պայմաններում՝ նկատում է Փաստաբանական պալատի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանը։ Նա, ի դեպ, նիստին որպես հրավիրյալ էր մասնակցում։ Կարծում է՝ ցանկացած իրավական պետությունում գլխավոր դատախազի պաշտոնում նոր թեկնածուի նշանակումն իրավաքաղաքական լուրջ իրադարձություն է։

Սեպտեմբերի 16-ին լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Նա այս պաշտոնում ընտրվել է 2016-ին։ Թեև Սահմանադրությունը երկրորդ անգամ նույն թեկնածուին առաջադրել չի արգելում, բայց քաղաքական մեծամասնության ընտրությունը կանգ է առել այլ թեկնածության վրա։

Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Պետաիրավական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ որոշեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Կարդացեք նաև

Back to top button