
Ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի Զազը Հայաստանում է։ 10 տարուց ավելի բանակցել են՝ ասում է «ՀԱՅԱ» փառատոնի կազմակերպիչ Սոնա Հովհաննիսյանը:
«10 տարուց ավելի բանակցել ենք, որ Զազը գա Հայաստան, եւ շատ խորհրդանշական է, որ սա առաջին համերգն է մեր նոր հիմնադրած «ՀԱՅԱ» փառատոնի, որը տևելու է 3 շաբաթ»։
Ազնավուրը նրա կյանքում մեծ դերակատարություն է ունեցել։ Մեծն շանսոնիեն նրան անգամ համեմատում էր Էդիթ Պիաֆի հետ։
Շառլի խորհուրդներն առ այսօր հիշում է, բայց խոստովանում՝ դրանցից մեկը մինչ օրս չի իրականացրել։

Անգլերեն այդպես էլ չսովորեց․ «Շատ հուզված եմ, որ գտնվում եմ Հայաստանում, քանի որ սա Շառլի հայրենիքն է, ուստի շատ պատասխանատու և պարտավորված եմ զգում: Վերջին անգամ այստեղ էի Ֆրանկոֆոնիայի շրջանակում էր, հեռանալիս շատ հուզվել էի: Ինձ համար շատ ոգևորիչ և հուզիչ էր, թե ինչպես էր նա իմ մասին խոսում: Իհարկե, շատ արտիստներ կան, որ ներկայացնում են ֆրանսիական երաժշտությունը, բայց կարծում եմ, որ իմ ձայնի մեջ մի բան կա, որ հիշեցնում է հին ֆրանսիական երգերը, որոնք նորով համադրված տալիս են հիանալի արդյունք»,- ասում է Զազը:
«Հայտնի լինելը սահմանափակում է ազատությունից, բայց կարևորը սիրելի գործով զբաղվելն է՝ ասում է երգչուհին ու խոստանում հայ հանդիսատեսին «Հրազդան» մարզադաշտում մեծ տոն պարգևել։
«Իմ նպատակն է երաժշտությամբ «կիսվել» հանդիսատեսի և երաժիշտների հետ, մեծ տոն պարգևել: Համերգի վերջում ուզում եմ հանդիսատեսը զգա, որ լիցքավորվել է էներգիայով»:
Երևանում շատ բան չի հասցրել տեսնել, բայց զգացել է, որ մարդիկ այստեղ սիրով են լցված։
«Շատ եմ սիրում հայկական դուդուկը և շատ եմ լսում Լևոն Մինասյանի մեղեդիները, հիմնականում «Երազ» երգը: Երբ հոգնած եմ լինում, միացնում եմ հենց այդ երգը ու լցվում էներգիայով»:
Զազի երեւանյան առաջին մենահամերգը բացեցին «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն ու հայ երաժիշտ PARG-ը։


PARG-ը գերեց հանդիսատեսին՝ ներկայացնելով իր վերջին սինգլները՝ «Կուզես» և «Գինին ու Գրելը», ինչպես նաև հայտնի հայերեն քավեր՝ «Սարերի հովին մեռնեմ» երգը։ Նա բեմ բարձրացավ KAMI խմբի երաժիշտների հետ, որոնք լրացրին նրա ելույթի էներգիան և ապահովեցին բեմական ներկայացման յուրահատուկ հնչողությունը։
PARG-ը նշեց, որ այս փառատոնը ոչ միայն մեծ պատիվ էր իր համար, այլև բացառիկ հնարավորություն՝ բացելու երաժշտական այդ մեծ իրադարձությունը, որը նոր էջ է հայկական երաժշտական փառատոնների պատմության մեջ։
Ռոզա Լիննը նույնպես ելույթ ունեցավ նույն բեմում՝ կատարելով իր հայտնի սինգլները, ներառյալ «SNAP» երգի ակուստիկ տարբերակը, որը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։





