
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
«Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարությունը որոշել է լուծարել է Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը, ինչի արդյունքում աշխատանքից ազատվելու վտանգի առջև են հայտնվել այս ծառայության 41 աշխատակիցները: Լուծարման որոշմանը նրանք տեղեկացել են երկուշաբթի՝ սովորականի նման աշխատանքի գալով:
Անսպասելիորեն աշխատանքից զրկված աշխատակիցները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, այսօր նրանցից մի քանիսը հանդիպել են լրագրողների հետ: Ընկերության աշխատակիցներից Վալերի Սարգսյանը նշել է, որ իրենք պահանջում են վերականգնել լուծարված դեպարտամենտը և պայքարում են ոչ թե բարեփոխումների դեմ , այլ իրենց աշխատանքային խախտված իրավուքները վերականգնելու համար։ «Երկուշաբթի առավոտյան հայտնեցին, որ աշխատանքից ազատված ենք։ Մարդիկ անակնկալի եկան. 41 հոգու ազատել մեկ ակնթարթում, դա ուղղակի բարոյալքեց աշխատակիցներին»:
Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը սպասարկում է հայաստանյան բոլոր խոշոր սպառողներին, հաշվարկում է ելքի ու մուտքի ծախսերը, ապահովում է էլեկտրաէներգիայի մատակարարումը վթարային ռեժիմների ժամանակ: Այս դեպարտամենտը լուծարելու որոշումը ընկերության ղեկավարությունը հիմնավորում է աշխատանքի օպտիմալացման պահանջով. միջմասնաճյուղային բաժանման կետերում տեղադրվել են նոր հաշվիչներ, որոնք նվազեցրել են մարդկային գործոնի անհրաժեշտությունը։ Աշխատակիցներն այս մեկնաբանությունը չեն ընդունում՝ նշելով, թե դեպարտամենտը բազմաթիվ այլ գործառույթներ է իրականացնում։
Ի դեպ՝ աշխատակիցների բողոքի ակցիաներից հետո «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ղեկավարությունն աշխատանքից ազատված էներգետիկներին խոստացել է աշխատանքի տեղավորել ընկերության այլ ստորաբաժանումներում: Այս խոստմանը լուծարված դեպարտամենտի աշխատակիցները չեն հավատում ՝ նախորդ տարիների համանման նախադեպեր մատնանշելով: Նրանց պահանջը լուծարված դեպարտամենի վերականգնումն է։




