
Ինետգրացիոն հարցերից մինչև թվային օրակարգ. ԵԱՏՄ միջկառավարմական խորհրդի նիստում hայկական կողմը կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և համագործկացության զարգացումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության իրականացմանգործում։ ԵԱՏՄ անդամ երկրներին ՌԴ կառավարության ղեկավարն առաջարկել է արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին: Փորձագիտական դաշտում սա անուղղակի հակակշռում են համարում արևմտյան ու ամերկյան պատժամիջոցներին։
Պարենային անվտանգության խնդիրներ, փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացում, արտահանման ու ներմուծման ու նոր լոգիստիկ շղթաների ու թվային օրակարգի ձևավորում․ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման օրակարգը հագեցած է։ Հայաստանի վարչապետն ընդգծում է՝ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջև ծառացած խոչընդոտների զգալի մասը ծագում է գործունեության միասնական, կոորդինացված, համաձայնեցված կանոնների բացակայության հետևանքով։ Միայն կառուցողական երկխոսության, բաց լինելու և թափանցիկության պատրաստակամությունը կարող է օգնել այս հարցում դրական դինամիկայի պահպանմանը։
«Կարևոր եմ համարում նաև ալկոհոլային խմիչքների շուկայի հարցի կարգավորումը։ Միասնական նպատակների և սկզբունքների, ընդհանուր կարգավորող միջոցառումների հաստատումը կարող է նպաստել ընդհանուր շուկայի ստեղծմանը՝առանց փոխադարձ առևտրում խտրական սահմանափակումների և բացառումների: Հայաստանի համար սա առաջնահերթ ուղղություն է և ունի արտահանման լայն հնարավորություններ»։
ԵԱՏՄ անդամ երկրներին ՌԴ կառավարության ղեկավարն առաջարկում է արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին և ընդլայնել արտաքին առևտրային կոոպերացիայում ազգային արժույթների օգտագործման գործելակերպը:
«Առաջարկում ենք արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին, ընդլայնել արտաքին առևտրային կոոպերացիայում ազգային արժույթների օգտագործման գործելակերպը մեր և այն երկրների միջև, որոնք որպես հուսալի գործընկերներ են ներկայացել»։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ այս առաջարկն արձագանք է ՌԴ տնտեսության դեմ արևմտյան ու ամերիկյան պատժամիջոցների։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրենը հիշեցնում է նաև միջնորդավորված պատժամիջոցների մասին, նկատում, որ Ռուսաստանի ԿԲ պահուստների շուրջ 700 մլրդ դոլարը սառեցված է։ Սրանք բազմաթիվ խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԵԱՏՄ անդամ երկրների համար՝ հատկապես արտաքին առևտրում։
Ուստի, այլ տարբերակ, քան ԵԱՏՄ երկրների՝ միմյանց հետ շփվելու ֆինանսական «լեզուն» փոխելն է, չկա։ ԵԱՏՄ-ն, ի վերջո, պետք է ունենա միասնական արժույթ՝ վստահ է հետազոտական կենտրոնի ղեկավարը։ Թաթուլ Մանասերյանն ասում է՝ այս ճանապարհով են անցել նաև ԵՄ անդամ երկրները 1970-ականներին, երբ եվրոգոտում ստեղծվում էր եվրոն․ նախ՝ հաշվարկային միավոր կսկսի գործել, ինչպես, օրինակ, ԵՄ-ում էքյուն էր 21 տարի վիրտուալ շրջանառության մեջ, հետո դժվարությամբ անցում կատարվեց թղթադրամին ու մանրադրամին մինչ եվրոյի ի հայտ գալը
«Սա մենք պետք է նկատի ունենանք՝ հասկանալու այն դժվարությունները, որոնց առջև ԵԱՏՄ անդամ երկրները կանգնած են․ հեշտ չի լինելու։ Բայց այսօրվանից պետք է հաշվարկային միավոր ձևավորվի, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրները հնարավորինս խուսափեն արտարժույթի այլ ձևերից»։
Հատկապես ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրանքները պետք է հաշվարկվեն կամ ազգային արժույթով, կամ հաշվարկային միավորով։ Ազգային արժույթների դեպքում երկրները կորոշեն որ արժույթով իրականացնել առևտուրը, ապագան, սակայն, միասնական արժույթին է՝ ասում է տնտեսագետը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամները պատրաստ են ակտիվացնել տրանսպորտային միջացքների և երթուղիների զարգացման ուղղությամբ աշխատանքը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս ծրագրերն անխուսափելի ինտեգրացիոն գործընթացներ է որակում։
«Տարածաշրջայնացումը անխուսափելի է, դա գլոբալացման հակակշիռն է, բացի դրանից՝ գլոբալացումն ավելի իրատեսական է տարածաշրջայանցման միջոցով, քանի որ մի քանի երկրների խմբավորման հետ հաշվի նստելը ավելի հեշտ է, քան այդ երկրների հետ առանձին-առանձին»։
Մանասերյանի դիտարկմամբ՝ այս տարածաշրջանում ԵԱՏՄ-ն ընդլայնվում է նույն օրինաչափություններով, որոնցով ԵՄ-ն է շարժվել։ Փորձագիտական դաշտում չեն բացառում, որ համագործակցության ծրագրերում կներառվեն նաև ասիական մայրցամաքի երկրները։




