ԿարևորՏնտեսական

«Global Startup Ecosystem Index-2022»-ի վարկանիշով Երևանը կովկասյան տարածաշրջանում առաջատարն է

StartupBlink-ի ամենամյա Global Startup Ecosystem Index Report 2022-ում Հայաստանը 5 հորիզոնականով առաջադիմել է՝ զբաղեցնելով 60-րդ տեղն աշխարհում։ Զեկույցը դասակարգում է 1000 քաղաքների և 100 երկրների ստարտափ էկոհամակարգերը և նպատակ ունի տրամադրել որակյալ տեղեկատվություն զարգացումների վերաբերյալ:

Հայաստանը շարունակում է մնալ առաջինը կովկասյան տարածաշրջանում` կրկնակի գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Վրաստանի ցուցանիշը, ինչը հուշում է, որ Հայաստանը կշարունակի պահպանել այս դիրքը մոտ ապագայում:

Երևանը վարկանիշում ընդգրկված միակ հայաստանյան քաղաքն է, և երկրի վարկանիշը մեծապես պայմանավորված է մայրաքաղաքի առաջընթացով։ 2022 թվականին Երևանը ներառվել է աշխարհի լավագույն 250 քաղաքների վարկանշային աղյուսակում։ Երևանը մեծ թռիչք է գրանցել՝ բարելավելով իր դիրքը 38 կետով՝ զբաղեցրել 244-րդ տեղը համաշխարհային մասշտաբով։

Երևանը Արևելյան Եվրոպայում ևս բարելավել է դիրքերը․ այժմ այն զբաղեցնում է 19-րդ տեղը՝ 10 կետով բարելավելով 2021 թվականի ցուցանիշը։ Երևանը վարկանիշը կրկնակի գերազանցում է Թբիլիսիի և եռակի անգամ՝ Բաքվի ցուցանիշերին։

Զեկույցում նշվում է, որ չնայած Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, որի ցամաքային մուտքերը ևս սահմանափակված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ լարվածության պատճառով, հայկական էկոհամակարգին հաջողվում է իրական ճկունություն ցուցաբերել:

«Հայաստանի կառավարությունը վաղուց հասկացել է, որ նորարարությունը կարևոր նշանակություն ունի երկրի ապագայի համար, և ռեսուրսներ են հատկացվել էկոհամակարգի զարգացման համար: 2021 թվականին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը վերելք ապրեց՝ աճը խթանող նոր ներդրումներով»,- ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ երկրի առաջին միաեղջյուրը՝ PicsArt-ը, վերջերս է հատել 1 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը։ Ավելին, հայաստանյան ստարտափների ասպարեզը աճ է գրանցել ձեռներեցության և տեխնոլոգիական զարգացման առումով, Shadowmatic-ի և YerevaNN-ի նման ընկերությունները գովասանքի են արժանացել խորը ուսուցման տեխնոլոգիաներ նախագծելու համար:

«Ուժեղ և հաջողակ հայկական սփյուռքը նույնպես աջակցում է Հայաստանի տնտեսությանը, և հայկական ծագումով մի քանի շատ հաջողակ ամերիկացի ձեռնարկատերեր, ինչպիսիք են Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, խթանում են տեղական ստարտափ էկոհամակարգի զարգացումը: Հայկական ստարտափները ի սկզբանե ստեղծվում են՝ թիրախավորելով համաշխարհային շուկան, քանի որ տեղական շուկան շատ փոքր է։ Հայաստանն ունի ընդամենը 3 միլիոն բնակչություն, սակայն մեծ տեխնոլոգիական տաղանդ է առաջարկում: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարում՝ աջակցելով տեխնոլոգիական ստարտափներին՝ այդ թվում հարկային արտոնություններ առաջարկելով»,- ասվում է զեկույցում։

Կարդացեք նաև

Back to top button