ԿարևորՀասարակություն

Որևէ միջանցքի հարց մեր կողմից քննարկման ենթակա չէ. Վահագն Խաչատուրյան

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգյան հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։ Նրա խոսքով՝ ցանկացած այց հնարավորություն է ընձեռում հանդիպել և քննարկում ունենալ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ձեր խնդիրները մեր խնդիրներն են և այդ տրամաբանությամբ նման հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ կարողանանք հասկանալ ձեր անհանգստությունները կամ ձեզ հետաքրքրող հարցերը։ Մյուս կողմից սա նաև հնարավորություն է ընձեռում, որ ձեզ ներկայացնենք Հայաստանում տիրող իրավիճակը։ Տարբեր աղբյուրներից տարբեր տեղեկություններ եք ստանում, սակայն դրանք կարիք ունեն ճշգրտելու, որովհետև շատ դեպքերում իրականությանը չեն համապատասխանում»,— նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: Վահագն Խաչատուրյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։

ՀՀ նախագահը, հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է միջանցքի մասին, շեշտել է, որ հայկական կողմի համար անընդունելի է ցանկացած միջանցքային տրամաբանություն:

«Այդպիսի  հարց մեր կողմից ընդհանրապես չի քննարկվում, այդ հարցը չի քննարկվում նաև մեր ռուս և եվրոպացի գործընկերների հետ քննարկումների ժամանակ: Այդ հարցը մեր կողմից քննարկման ենթակա չէ: Մենք այլ հարց ենք քննարկում, Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք՝ ոնց կարող ենք առկա մաքսային, սահմանային հսկողության ռեժիմները միջազգային գործող միջազգային նորմերի շրջանակներում երկկողմ թեթևացնել: Եվ քննարկումները սկսվել են: Հետաքրքիր հարց կա, մենք ասում ենք եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են մեզ տվեք կոորդինատներ, թե որտեղով են անցնելու ճանապարհները:  Մենք ասում ենք, ոչ, եկեք քննարկենք սկզբունքները, որովհետև սկզբունքները քննարկելուց հետո մնացածը մեզ համար շատ ավելի հեշտ է»,- ասել է Խաչատուրյանը:

Նա հավելել է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է իրականություն դարձնել իր հոր՝ Հեյդար Ալիևի երազանքը: «Խորհրդային տարիներին Բաքուն Մեղրիով դեպի Նախիջևան արագընթաց ճանապարհ էր կառուցում, և 1987 թվականին, եթե չեմ սխալվում, այդ ճանապարհը կանգնեցվեց, դժգոհություններ եղան, կոնֆլիկտ եղավ: Այդ ճանապարհի շինարարությունն է նա ուզում շարունակել: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց տեսականորեն, եթե դա  նույնիսկ հնարավոր է, պրակտիկորեն հնարավոր չէր իրականացնել, բարդ տեխնիկական խնդիր է»,- մանրամասնել է Խաչատուրյանը:

ՌԴ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:

Կարդացեք նաև

Back to top button