Ամանորյա տոներից փողոցային առեւտուրը խստիվ կարգելվի
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ: Քննարկվել են մայրաքաղաքաքի տոնական ձևավորման աշխատանքներում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությանն ու Ամանորին բացօթյա անօրինական առևտրի կանխմանն առնչվող հարցեր, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքներն ավելի վաղ կմեկնարկեն: Այս տարի ևս լավագույն ձևավորում ապահոված հասարակական, առևտրի և սպասարկման օբյեկտների ղեկավարները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի կողմից:
Անդրադառնալով որպես կանոն տոնական օրերին աշխուժացող առևտրին՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքապետարանն այս տարի ևս հետամուտ է լինելու առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի պահպանմանը`այդ թվում նաև նախատոնական առևտրի գործընթացը բացառապես թույլատրելի վայրերում իրականացնելու մասով: Քաղաքապետի տեղակալը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը`մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում և բակային տարածքներում խիստ վերահսկողություն սահմանելու, իսկ հայտնաբերված խախտումների դեպքում համապատասխան վարչական մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ:
Կանոնակարգված առևտուր ապահովելու աշխատանքներում քաղաքային իշխանություններին կաջակցեն նաև համատիրությունների ու ոստիկանության աշխատակիցները: