
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզի համայնքներում տեղական բյուջեի համալրման հետ կապված դեռ խնդիրներ կան: Կան համայնքներ, որտեղ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը ցածր են 50 տոկոսից, պարտքեր կան աշխատավարձի, վարձակալական հողերի, գույքի եւ հողի հարկերի գծով: Իսկ համայնքների մեծ մասում բյուջեները կատարվել են մինչև 90 տոկոս: Արտիմետ համայնքում սեփական բյուջեի կատարողականը գրեթե 90 տոկոս է, չնայած գյուղում ցեց հիվանդության պատճառով նվազել են հիմնական մշակաբույսի` կարտոֆիլի տարածքները։
Ցեցի դեմ պայքարի քիմիական որևէ միջոց օգուտ չտվեց: Արդյունքում կարտոֆիլի ցանքերն այս տարի գրեթե կիսով չափ նվազեցին, փոխարենը ավելացավ հացահատիկի արտադրությունը: Արտիմետ համայնքի ղեկավարի տեղակալ Հարութ Սահակյանը նշեց, որ ցեցի վարակի պատճառով այս տարի կարտոֆիլի ցանքատարածքներում ցանվել է ցորեն, որը 92 հա-ից հասել է մինչև 158 հա-ի, 3 հա-ում էլ` գարի: Մնացած կարտոֆիլի տարածքներում ցեցը չվերացավ և վնասեց ոչ միայն կարտոֆիլը, ալև լոիկն ու պղպեղը։
Լոլիկի 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 22-24տ, որը շատ ցածր ցուցանիշ է Արարատյան դաշտավայրի համար, քանի որ նախկինում 1 հա-ից միջինը հավաքել են մինչև 70 տոննա բերք: Մորմազգիների վնասատուն հասել է նաև տնամերձ հողամասեր և ջերմոցային տնտեսություններ` վնասելով պղպեղը: Ցեցի դեմ պայքարի միակ միջոցը մնում է վարակված հողերում ցանքաշրջանառություն կատարելը, այսինքն ` մի քանի տարի գյուցացիները պետք է հրաժարվեն մորմազգի մշակաբույսեր ցանելուց:
Գյուղաջակցության Արմավիրի մարզային կենտրոնի խորհրդատու Սիմոն Ասատրյանը նշեց, որ ցեցը մարզում տարածվել է ներկրված սերմերի և ստվարաթղթե տարրաների միջոցով։ Վարակված հողերում ցանքաշրջանառությունը պետք է կատարել դդմազգիների ընտանիքի մշակաբույսերով կամ առվույտով, որը հարստացնում է հողը: Արտիմետում դդմազգիներից շուրջ 70 հա- ի վրա մշակում են ձմերուկ: Գյուղաջակցության խորհրդատուն առաջարկեց ցանաշրջանառությունը կատարել համատարած ձևով:
Ցեցի վնասատուն Էջմիածնի տարածքից հասել է նաև Արմավիրի գյուղերի մշակովի ցանքատարածքներ: Արտիմետ համայնքի ղեկավարի տեղակալը նշեց, որ իրենց հողերը բարձրորակ և 2-րդ-3-րդ կարգի հողեր են, իսկ ոռոգումն էլ կազմակերպում են խորքային հորերի միջոցով, 17 խորքային հորից 1-o չի աշխատում: Անդրադառնալով համայնքի բյուջեի կատարմանը` Արտիմետի գյուղապետի տեղակալ Հարութ Սահակյանը ասաց, որ բյուջեն լավ ցուցանիշ է ունենում ապրիլից հետո, երբ ջերմոցային բույսերը հանվում են շուկա, իսկ աշնանը բերք չունեն:
Տարվա ավարտին տեղական բյուջեների կատարմանը հետամուտ է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզում բարձր ցուցանիշ գրանցելու ակնկալիքով. «Մինչև տարվա վերջ տեղական բյուջենորը պետք է կատարել 100 տոկոսով»:




