ԿարևորՀասարակություն

Արհեստագործական որոշ ուսումնարաններում արեւային կայանների մոնտաժ կսովորեն

Հայաստանի 3 մարզի 6 միջին մասնագիտական ուսումնարանում ներդրվել է նոր մասնագիտություն՝ «Արևային էներգետիկ կայանների մոնտաժում և տեխնիկական սպասարկում»։ Մեծ պահանջարկ ունեցող այս մասնագիտությունն արդեն գրանցել է առաջին ձեռքբերումները։

«Արևային էներգետիկ կայանների մոնտաժում և տեխնիկական սպասարկում»․ սա ոչ թե որևէ ընկերության առաջարկած ծառայություն է կամ գովազդային հայտարարություն, այլ՝ նոր մասնագիտություն, որը ներդրվում է Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ 

 «Ֆերտի» ՀԿ նախագահ և «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյան․

«Հայաստանում այսօր ինտենսիվ զարգանում է արևային էներգետիկան, տարբեր բիզնես ընկերություններ ծառայություններ են մատուցում ոլորտում։ Սակայն գրագետ մասնագետների՝ ինժեներների պակաս կա։ Մոտ 15 տարի ներգրավված լինելով այս ոլորտում՝ որոշեցինք իրականացնել մի ծրագիր, ինչը հնարավորություն կտա պետականորեն ներդրնել «Արևային էներգետիկ կայանների մոնտաժում և տեխնիկական սպասարկում» մասնագիտությունը՝ արհեստագործական մակարդակով»։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի ֆինանսավորմամբ «Ֆերտի» կազմակերպությունը լաբորատորիաներ է հիմնել 6 արհեստագործական ուսումնարանում։ Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը թվարկում է ուսումնական այն հաստատությունները, որոնց սաները նաեւ այս ժամանակակից ու պիտանի հմտությունը կստանան.

«Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում, Լոռիի տարածաշրջանային քոլեջում, Տավուշի տարածաշրջանային քոլեջում, Բերդի բազմագործառութային քոլեջում, Սևանի և Նոյեմբերյանի բազմագործառութային քոլեջներում»։

Լաբորատորիաներից բացի՝ Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի հենց մուտքի մոտ արևային էներգիայի պանելներով ու սարքավորումներով վերազինված զրուցարան-տաղավարն է․ ծրագրի շրջանակում ուսանողներն իրենց ձեռքով են կառուցել, կահավորել։  Այժմ և արևից էներգիա են ստանում, և լաբորատոր աշխատանքներ կատարում։ Ուսումնարանի սաներից Հակոբ Սաֆարյանը մասնագիտության ընտրությունը 2 բառով է բնութագրում։

«Հետաքրքիր է, համ էլ նորարար է»։

Արևային էներգետիկ կայանների տեղադրումն ու տեխնիկական սպասարկումը նվազագույնն է, որ կարող են անել ուսանողները․ այս մասնագիտությունն արևից հնարավորինս շահույթ ստանալու նոր գաղափարներ է տվել ուսանողներին, նրանք էի իրենց հերթին նոր նախագծեր են կազմել ու ներգրավել գյուղերի երիտասարդներին ու պատանիներին՝ պատմում է Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը.

«Ընտրեցին Շիրակավան, Սարատակ, Ալվար և Ջրաձոր համայնքները, հանդիպեցին երիտասարդների, դպրոցականների ու համայնքապետերի հետ և որոշեցին իրենք գրել բիզնես ծրագրեր այդ համայնքների զարգացման ու երիտասարդների զբաղվածության ապահովման համար»։

Բոլոր 4 գյուղերի համար ուսանողների ներկայացրած դրամաշնորհային ծրագրերը 2-ական մլն դրամ են շահել, բայց սաները դեռ նոր գաղափարների փնտրտուքի մեջ են։

 Գյումրու  թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ուսանող Հակոբ Սաֆարյան․

«Մեր ուսանողներից մի քանիսն ուզում են ապագայում գործարաններ դնել, մենք էլ այնտեղ աշխատենք, օրինակ՝ արևային պանելներ արտադրող գործարան, և մենք էլ կտեղադրենք ու սպասարկենք»։

Միջին մասնագիտական ուսումնարաններից բացի՝ շատ կարևոր է այս մասնագիտությունը նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդնելը և կադրեր պատրաստելը՝  վստահ է «Ֆերտի» ՀԿ նախագահ և «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը․ բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծող այս ճյուղը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ ասում է։

Կարդացեք նաև

Back to top button