
Հունիսի 9–ին Երեւանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Փառուխի գրավված դիրքերից ադրբեջանցիների դուրս բերման հարցով հայտարարեց, որ ռուս զինվորականները հարցն իրենց առաջնահերթություններից են համարում։ Նշեց, որ սահմանազատման արդեն առարկայական աշխատանքի ընթացքում այդ հարցերը կդիտարկվեն և անպայման կլուծվեն։ Ռուսաստանի արտգործնախարարության կայքում, սակայն, Լավրովի բանավոր խոսքը տեղադրվեց վերաշարադրված: Փոփոխված տեքստում նշվում էր, թե Լավրովը Երևանում հույս է հայտնել, որ «հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և թույլ չի տա Փառուխում տեղի ունեցածի նման միջադեպեր ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում»:
Սա, ըստ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի, իրավական համատեքստում նշանակում է, որ Փառուխը դարձել է վիճելի տարածք։ «Նոյեմբերի 9–ի փաստաթղթով արձանագրվում է, որ զորքերը կանգ են առնում այնտեղ, որտեղ գտնվում են։ Փառուխը Արցախի տարածքում էր, հետո ադրբեջանցիներն իրենց դիրքերը առաջ բերեցին ու օկուպացրեցին գյուղը, ինչի հետուանքով գյուղացիները դուրս եկան բնակավայրից, ստացվում է՝ էթնիկ զտում, եթե դիտարկենք Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության կոնտեքստում։ Ըստ այդմ՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում հնարավոր չէ այդ հարցին չանդրադառնալ, քանի որ այն դարձել է վիճելի տարածք։ Եթե դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը սկսի մենք պետք է նկատի ունենանք, որ զուգահեռ իրավական գործընթաց է գնում, որն ապագայում կարող է որոշվել Փառուխի մասով», — նշում է մասնագետը։
Փառուխի ու Հին Թաղերի տարբերությունը
«Փառուխի դեպքը տեղի չի ունեցել պատերազմի ակտիվ փուլում, այսինքն՝ պայմանավորված չէ ռազմական առավելության հասնելու Բաքվի ձգտմամբ։ Փառուխի դեպքը տեղի է ունեցել պատերազմից մեկ ու կես տարի հետո, երբ արդեն խաղաղապահ ուժերը գտնվում էին տվյալ տարածքում, եւ սրանով է տարբերվում «Հին Թաղերի» գործից»,- նկատում է Արա Ղազարյանը։
Փառուխում տեղի ունեցած դեպքերի փաստերով Հայաստանը լրացրել է Հաագայի դատարան ներկայացված գանգատը
Մայիսի 6-ին հաղորդվեց, որ կառավարությունը գանգատի հավելում է ուղարկել Փառուխի դեպքերի վերաբերյալ Հաագայի դատարան ։
Արա Ղազարյանի փոխանցմամբ՝ Հայաստանը Փառուխի հարցով միջազգային դատարան ներկայացրած նոր փաստերի շրջանակում տարբեր փաստեր է ներկայացրել։ «Օրինակ՝ նշվել է, որ բարձրախոսներով տարբեր գյուղերում հայերին անընդհատ ասել են ՝ հեռացեք, հակառակ դեպքում ուժի կդիմենք։ Այդ փաստերով ցույց ենք տալիս, որ Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականությունը շարունակում է եւ Հաագայի դատարանի որոշումը չի կատարում։ Հիշենք, որ կա նախորդ տարվա դեկտեմբերի 7–ի Եվրոպական դատարանի որոշումն ընդդեմ Ադրբեջանի, որով որպես միջանկյալ միջոցի կիրառում Բաքվին պարտադրվել է հրաժարվել էթնիկ զտման քաղաքականությունից եւ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններից»,-ասում է Արա Ղազարյանը։
Իրավական գործընթացները կարող են զսպող ազդեցություն ունենալ
Փառուխի դեպքերի վերաբերյալԱրա Ղազարյանն իրավական լուծում է ակնկալում։ «Վերջնական լուծումն այն կլինի, որ վերջապես Փառուխը վերադարձվի, մարդիկ վերադառնան ու ապրեն այդ գյուղում, անվտանգությունն ապահովվի, մշակութային ու պատմական օջախների նկատմամբ կանխարգելվի որեւէ ոտնձգություն։ Որոշակի զսպող ազդեցություն իրավական գործընթացները կարող են ունենալ։ Իրավական գործընթացը կարող է հակազդել կամ զսպել որոշակի գործողություններ։ Կա վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, եւ ցանկալի է, որ այն լուծվի իրավական հարթությունում, ոչ թե ինչպես Բաքուն է ցանկանում՝ ռազմաքաղաքական եղանակով»։ Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցնում է՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցը ռասայական խտրականության հիմքով է, որը մի քանի մասերի է բաժանված՝ ատելության խոսք, էթնիկ զտում, պատերազմական հանցագործություն։
Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ։ Համանման հայց Հայաստանի դեմ ներկայացրել է նաեւ Ադրբեջանը։
Միջազգային դատարանը գործի շրջանակում դեկտեմբերի 7-ին որոշում է կայացրել հրատապ միջոց կիրառելու Հայաստանի և Ադրբեջանի դիմումների վերաբերյալ։





