
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Նոյեմբերի 19-ը նշվում է որպես երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օր: Ինչպիսին է երեխաների հանդեպ բռնության հետ կապված իրավիճակը մեր երկրում, հարցի շուրջ իրենց դիտարկումներն են այսօր ներկայացրել հասարակական սեկտորի և իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Երեխաների հանդեպ բռնության ցանկացած երևույթ անընդունելի է: Դրանց կանխման համար անհրաժեշտ են ձեռնարկել գործնական քայլեր, ինչով է և զբաղվում է Երեխաների պաշտպանության ցանցը: Այն միավորել է երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների։ Ըստ ցանցի նախագահ Միրա Անտոնյանի՝ մեր երկչում արձանագրվող դեպքերի մեծ մասը ունի սոցիալական բնույթ։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն իր հերթին արձանագրում է, որ ընտանեկան բռնության դեպքերով վերջին տարվա ընթացքում ավելացել է դիմումների քանակը։ «2013թ. 9 ամսվա ընթացքում արձանագրվել է երեխաների հանդեպ բռնության 199 դեպք, որից 15- ը ներընտանեկան բռնության դեպքեր են»:
Դիմումատուների մեջ են ավագ սերնդի ներկայացուցիչները, կանայք, երեխաները, ովքեր բռնության են ենթարկվել և օգնության կարիք ունեն: Այս համատեքստում կարևոր է իրավապահ մարմինների հանդեպ վստահության բարձրացումը և հասարակական սեկտորի հետ սերտ համագործակցությունը։ Ընթացիկ տարում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ-կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել 1500 երեխա, նշեց «Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը՝ ի մի բերելով դիտարկման արդյունքները։
Որպես երեխաների իրավունքների պաշտպանության գործիք ծնողական իրավունքների դադարեցումը մեր երկրում դիտվում է որպես ծայրահեղ միջոց և կրում է եզակի բնույթ, նշեց ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Ինչքանո՞վ էլ այս խնդիրները ունեն սոցիալական բնույթ, այնուամենայնիվ մեր երկրում զգալի աշխատանք դեռ պետք է կատարվի այս ուղղությամբ, հավելեց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը։
Երեխաների հանդեպ բռնության դեպքերում զանգահարեք 0800 61111 հեռախոսահամարով, և Երեխաների պաշտպանության ցանցը կարձագանքի ահազանգին՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև ոստիկանություն:




