ԿարևորՀասարակություն

Սփյուռքագիտությունը՝ ժամանակակից ու պահանջված մասնագիտություն աշխարհը սփյուռքագետների կարիք ունի

Հայկ Ենգիբարյանը 2008-ին արդեն մագիստրոսի որակավորում ուներ․ սովորել էր ԵՊՀ ռոմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել Մադրիդի Սերվանտեսի ինստիտուտի դիպլոմ ու դասավանդում էր իսպաներեն, երբ իմացավ՝ համալսարանում սփյուռքագիտության ամբիոն է բացվում։

Սփյուռքն ուսումնասիրող հայկական առաջին մագիստրոսական ծրագրի առաջին դիմորդներից մեկն էր։ Օտար լեզուներին տիրապետում էր, համայնքների կյանքով, հայ եկեղեցով, հայությամբ ու հայկականությամբ՝ հետաքրքրվում․

«2-րդ կուրսում Սփյուռքի նախարարությունից հրավեր ստացա, որպես կրտսեր մասնագետ՝ սկսեցի իմ աշխատանքը նախարարության համահայկական ծրագրերի վարչությունում՝ մշակույթի, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնում, հետո՝ առաջատար մասնագետ, այնուհետև՝ գիտակրթական ծրագրերի բաժնի ղեկավար»։

Սփյուռքի նախարարության հիման վրա ստեղծվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որտեղ աշխատեց որպես ծրագրերի իրականացման բաժնի պետ։ Այժմ էլ «Իմ քայլը» հիմնադրամի «Ներուժ» համահայկական ծրագրի ղեկավարն է, որի նպատակը Սփյուռքի ձեռնարկատերերին Հայաստանում սթարթափ հիմնելու հնարավորություններին ծանոթացնելն է։

«Նախարարությունում աշխատելու ընթացքում նաև սովորեցի ասպիրանտուրայում․ սփյուռքագիտության և զուգահեռաբար նաև հայ եկեղեցու պատմության ամբիոններում պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն և ստացա պատմական գիտությունների թեկանածուի աստիճան, թեման՝ «Մեծ հայրենադարձությունը և հայ եկեղեցին»»։

ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը Հայկի օրինակով է պատմում՝ Սփյուռքի ուսումնասիրությունը կարևոր ու հեռանկարային է։ 21-րդ դարասկզբից սփյուռքի նկատմամաբ հետաքրքրությունը ամբողջ աշխարհում է կտրուկ ավելացել։ Իսկ գիտակարգի ձևավորման հիմքում հայկական արմատներ են․

«Սփյուռքագիտությունը՝ որպես գիտակարգ, ձևավորվել և զարգացել է հայազգի Խաչիկ Թոլոլյանի ջանքերով, որը ստեղծագործում է ԱՄՆ-ում։ Աշխարհի տարբեր երկրներ սփյուռքի նոր դերի հայեցակարգային հստակեցման պայմաններում, երբ սփյուռքը դիտարկվում էր որպես պետության համար հավելյալ հնարավորություն քաղաքական, տնտեսական, մշակութային առումներով, սկսեցին ձևավորվել կառույնցներ, որոնք պետք է աշխատեին իրենց սփյուռքների հետ։  Նույնիսկ երկրներ կային, որոնք դրսում ունեն փոքր թվով միգրանտներ, նրանք նույնպես սփյուռքի կառույցներ էին ստեղծում»։

Այսպես 2008-ին աշխարհում գործում էր սփյուռքով զբաղվող 10-15 կառույց, դրանից 5 տարի անց՝ 2012-ին աշխարհի 55 երկրում կար սփյուռքի հարցերով 76 պետական կառույց, իսկ 2019-ին այդ թիվը հասել էր 133-ի։ Զուգահեռաբար աճում է նաև մասնագետների պահանջարկը և դրա նկատմամբ հետաքրքրությունը․այս տարի մագիստրատուրան 18 շրջանավարտ է ունեցել։ Նրանցից մեկը՝ Օվսաննա Գալստյանը, առաջին մասնագիտությամբ լեզվաբան է, այժմ գիտական աշխատանքներով է զբաղվում հայագիտական հետազոտությունների ինստիտուտի սփյուռքագիտության բաժնում․

«Սկզբում հիմնական նպատակս այն էր, որ ցանկանում էի լեզվի ունակությունս օգտագործել ու հայերենը, Հայաստնի մասին տեղեկատվությունը տարածել Սփյուռքում, որովհետև մեր սերդնի շրջանում հայերենը անկում է ապրում, ու մեծ մասը էլ հայերեն չի խոսում։ Սկզբում նպատակս դա էր, բայց հետո, ավելի խորանալով սփյուռքագիտության ոլորտի մեջ, ավելի շատ գիտական, գիտահետազոտական աշխատանք սկսեց գրավել»։

Նախկին շրջանավարտներից մեկն էլ՝ Արմինե Չիրոյանը, սփյուռքագիտության ամբիոնի ավագ լաբորանտ է, հետաքրքրության շրջանակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններ․

«Բակալավրիատն ավարտել եմ պատմության ֆակուլտետի պատմություն մասնագիտությունը, մագիստրատուրայում որպես արդիական ու հեռանկարային մանագիտություն գրավեց հենց սփյուռքագիտության ամբիոնը։ Կարծում եմ, որ Հայաստան-Սփյուռք նախորդ շրջափուլերի հարաբերությունների ուսումնասիրությունը կարող է նպաստել ներկայում Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների կառուցմանն ու զարգացմանը»։

Արման Եղիազարյանը պատմում է բացառիկ առարկայացանկի մասին․ ուսումնասիրում են քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ,  նաև՝ մշակույթի զարգացման, պահպանման, կոնֆլիկտների հարթման գործում Սփյուռքի դերը և այլն։ Սա գրավեց նաև սփյուռքի կրթամշակութային համայնքի հետարքրությունը և 2015-ին ԵՊՀ-ի հետ կնքված պայմանագրով համազգային հայ կրթական մշակութային միությունը բացեց հայագիտություն մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն էր Սփյուքին մանկավարժական կադրերով օգնելն էր։

«Այս պահին հայագիտական կրթական ծրագրի շրջանավարտներն ուսուցչական և մշակութային գործունեություն են ծավալում Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում, Ֆրանսիայում և Բուլղարիայում, մեկ հոգի ունեինք Ուկրաինայում, բայց էս դեպքերի հետ կապված վերադարձել է Հայաստան։ Այնպես որ՝ աշխարհի տարբեր երկրներում հայկական դպրոցական կրթական կյանքին ակտիվորեն ներգրավված ուսանողներ ունենք»։

2009-ից մինչև օրս ամբիոնը մոտ 120 սփյուռքագետ և 50 հայագետ մասնագետ է պատրաստել։ Այժմ էլ նոր ուսումնական տարվա դիմորդների հայտերն է ընդունում։

Կարդացեք նաև

Back to top button