ԿարևորՔաղաքական

Լավրովի երևանյան վերջակետերը․Ադրբեջանը լռեցվում է

Երևանյան հանդիպումն այս տարի արդեն երրորդն է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համար։ Լավրովը Հայաստան է ժամանել Թուրքիայից, որտեղ նախօրեին հանդիպումներ է ունեցել թուրք գործընկերոջ հետ։ Օրակարգերում նմանություններ կան, քանի որ քննարկված հարցերն առնչվել են տարածաշրջանային զարգացումներին։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Առանձնազրույցներ հայաստանի ղեկավարների հետ ևս նախատեսված են։ Իսկ արդեն Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Լավրովն առանցքային մի քանի հստակեցում է արել մի շարք զգայուն հարցերի մասով, որոնք վերաբերում են «խաղաղության օրակարգին» և մինչ այս պահը շահարկվել են Ադրբեջանի կողմից։  

Հայաստան-Ադրբեջան ճանապարհային հաղորդակցության հարցում «միջանցքային» տրամաբանությանն առնչվող ադրբեջանական շահարկման վերջակետը դրվեց Երևանում։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հստակ հայտարարեց․

«Երկաթուղային ուղղությունները համաձայնեցված են, այժմ ավարտվում է ավտոմոբիլային ուղիների և ճանապարհային ռեժիմի հստակեցման գործընթացը։ Դա կլինի պարզեցված, բայց միանշանակ հիմնված կլինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող»,-ընդգծել է Լավրովը։

Ապաշրջափակման հարցերով փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովի վերջին հանդիպումը հունիսի 3-ին էր՝ Մոսկվայում։ Հանդիպումների միջև դադարը մեծ չի եղել է՝ ասում է Լավրովը՝ նշելով, որ կողմերը եկել էին պատրաստված և հստակ առաջարկներով։

Լավրովը Երևանում մեկ այլ ուշագրավ հստակեցում էլ է անում սահմանազատմանն ու Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակի առումով։ Այս մարտին արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով ռուս խաղաղապահների հորդորով հայկական կողմը հետ քաշվեց իր դիրքերից, նույնը պետք է աներ նաև ադրբեջանական կողմը, բայց հետ գնալու փոխարեն առաջ տվեց դիրքերը։ Հակառակ տարբեր հայտարարությունների՝ այդ թվում նաև ռուս խաղաղապահների, ադրբեջանական զինված ուժերի դիրքերը շարունակում են մնալ առաջ տված։ Այս հարցն, ըստ Լավրովի, դեռ փակված չէ․

«Ռուս զինվորականները դա իրենց առաջնահերթություններից են համարում, և դրա մասին մեր հայ ընկերները լավ տեղեկացված են: Տեղում արդեն կան որոշակի արդյունքներ այս իրավիճակի դեէսկալացիայի առումով, և մեզ մոտ կա ընկալում, որ սահմանազատման արդեն առարկայական աշխատանքի ընթացքում այդ հարցերը կդիտարկվեն և անպայման կլուծվեն»։

Ռուսաստանի արտգործնախարարի այս մտքին միանգամից ուշադրություն դարձրեց «Հայաստան» խնմբակցությունից ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Հորդորելով սպասել հետագա զարգացումներին՝ ֆեյսբուքում գրել է․

«Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ: Հաշվի առնելով  փաստը, որ Փառուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը: Իսկ դա նշանակում է, որ, Լավրովի պնդմամբ, Արցախն Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի հետևանքով կլուծվի ոչ միայն Փառուխից, այլև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը»:

Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետը Երևանում նաեւ հայտարարեց՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Համոզված է, ամբողջական կարգավորումից բացի, այլ տարբերակ գոյություն չունի։ Որ խաղաղության փաստաթուղթ կկնքվի՝ կողմերը գրեթե համոզված են։ Լավրովի հերթական հստակեցումը հենց փաստաթղթի մշակման հիմքերի մասին է։ Սա հերթական թեման է, որը շահարկում է Ադրբեջանը։ 

«Այն, ինչը դուք, ես և մենք բոլորս պայմանական անվանում ենք «խաղաղության պայմանագիր», հիմնվում է Ադրբեջանի 5 կետանոց առաջարկների վրա, որին ի պատասխան Հայաստանը ներկայացրեց իր տեսլականը, և այդ երկու փաստաթղթերը հաշվի առնելով է առաջ շարժվում գործընթացը, որին մենք պատրաստ ենք մասնակցել իբրև միջնորդ, խորհրդատու և աջակցող կողմ»։

Հայաստանի արտգործնախարարը ռուս գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծում է այն դրսևորումները, որոնք խանգարում են խաղաղության օրակարգին։ Առաջին հերթին  Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայտնված Արցախի մշակութային և կրոնական բազմաթիվ հուշարձանների պահպանման խնդիրը և ոչ միայն․

«Ես ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից շարունակվող վանդալիզմի և պղծման գործողությունների ֆոնին այս հարցը պահանջում է անհապաղ միջազգային ներգրավվածություն։ Ռազմական գործողությունների ավարտից 1.5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության (2020թ․ նոյեմբերի 9 եռակողմ հայտարարություն-խմբ․ ) դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց։ Հույս ունենք, որ ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։ Չեմ կարող չնշել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայատյաց և ծավալապաշտական հռետորաբանությունը, շարունակական սադրանքները և հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները»։

Այս համատեքստում Երևանի համար խնդիր է նաև Թուրքիայի կեցվածքը, որի հետ առանձին ձևաչափով նույնպես ընթանում են հարաբերությունների կարգավորման քննարկումներ։ Թեև այդ շփումները սկսվել են առանց նախապայմանների, բայց հայկական կողմի համար տեսանելի է, որ իր հարաբերությունները Հայաստանի հետ Թուրքիան դիտարկում է Հայաստան-Ադրբեջան շփումների և ԼՂ հակամարտության համատեքստում։ Սա արդեն նախապայման է, ըստ Արարատ Միրզոյանի, ինչը խանգարում է բանակցությունների ընթացքին։

Պաշտոնական Երևանը հստակ ներկայացնում է՝ խաղաղության օրակարգում իր հստակ տեղն ունի ԼՂ հակամարտության կարգավորումը։ Ձևակերպումները տրվել են ինչպես նախարարների առանձնազրույցում, այնպես էլ հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը․

«Մենք կարծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը։ Նաև հավատացած ենք, որ այդ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Սա է միջազգային այն ձևաչափը, որը ստեղծվել է ԼՂ հակամարտությանը խաղաղ քաղաքական կարգավորում գտնելու նպատակով։ Մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը»։

Միրզոյանը հիշեցնում է՝ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ իրենք հաստատել են՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է օգտագործվի ԵԱՀԿ ՄԽ  ինստիտուտի ներուժը և փորձը՝ դրա միջազգային մանդատին համապատասխան։

Կարդացեք նաև

Back to top button