
ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտախմբերից մեկը սկսել է Վարդատերեփուկի, Տերեփուկ Երևանյանի, Հիրիկ Նրբագեղի և մի շարք այլ բույսերի ուսումնասիրություն: Անունները գուցե անծանոթ են, քանի որ այս բույսերը, աճելով Արարատյան դաշտավայրում, հազվագյուտ են, հաճախ՝ անհետացման վտանգի տակ: Գիտախումբը դրամաշնորհ է ստացել դրանք ճանաչելու, բազմացնելու, հնարավորության դեպքում էլ՝ Երևանն այդ բույսերով կանաչապատելու համար:
Անահիտ Ղուկասյանը պատմում է՝ Երևանից ոչ շատ հեռու մի ոչ այնքան գեղեցիկ լանջ կա: Ամեն գարուն այնտեղ է երևում Iris elegantissima-ն՝ հիրիկ նրբագեղը: Հորդորում է տեղանքը շատ մանրամասն չնկարագրել, որ մարդիկ չգնան, չքաղեն: Գեղազարդ բույսն, ասում է, չտեսնված ու չքնաղ է, հազվագյուտ ու վերացման շեմին։
Տիկին Անահիտը ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի փոխտնօրենն է, վերջերս գիտական աշխատանք կատարելու համար դրամաշնորհ ստացած գիտախմբի ղեկավարը: Խումբն ուսումնասիրելու է Արարատյան դաշտավայրի հազվագյուտ և անհետացող գեղազարդ բուսատեսակները՝ դրանք չորադիմացկուն ծաղկաբուծության աղբյուր դիտարկելով։
«Կուսումնասիրվի դրանց մարֆոլոգիան, փոշեհատիկի կենսունակությունը, քրոմոսոմային թվերը և կմշակվի այն մեթոդիկան, որ կօգտագործվի հետագայում այդ բույսերի բազմացման համար: Մենք պետք է ավելի խորը դրանք ուսումնասիրենք, դրանց շարքում են, օրինակ, Amberboa moschata-ը՝ Վարդատերեփուկ, Centaurea erivanensis-ը՝ Տերեփուկ երևանյան, որը սպիտակ ծաղիկներ ունի շատ գեղազարդ, Iris elegantissima-ն՝ Հիրիկ նրբագեղ, որը ծաղկում է վաղ գարնանը և չտեսնված գեղեցիկ բույս է»:
Խումբն այդ բույսերը հետազոտելուց հետո գտնելու է դրանց պահպանման, բազմազան համար լավագույն պայմաններ: Սա, մի կողմից, լավ չուսումնասիրված բույսերին ճանաչելու, մյուս կողմից՝ անհետացման վտանգի տակ գտնվողներին երկրորդ կյանք տալու, բազմացնելու հնարավորություն է:
«Մենք կբազմացնենք դրանք և կառաջարկենք հետագայում օգտագործել կանաչապատման մեջ։ Բուսաբանական այգին կլինի այն աղբյուրը, որտեղից նրանք կստանան այդ բույսերը»։
Ինստիտուտի բույսերի ներմուծման բաժնի առաջատար գիտաշխատող Ժանետա Հակոբյանը պատմում է, որ սա առաջին գիտական դրամաշնորհը չէ: Նախկինում ևս 2 անգամ ֆինանսավորում են ստացել Հայաստանի անհետացող բույսերն ուսումնասիրելու համար։

«Իսկ այս ծրագրի միտքն առաջացավ, որովհետև շատ կուլտուրական բույսեր, որոնք ներմուծվում են, Երևանում կամ Արարատյան շրջանի ուրիշ վայրերում իրենց շատ վատ են զգում՝ չորային պայմաններից ելնելով: Դրա համար այն բույսերը, որոնք աճում են Արարատյան դաշտավայրում, կարող են աղբյուր հանդիսանալ ներմուծման համար»:
Հայաստանը հարուստ է ինքնատիպ և գեղազարդ, հիմնականում քսերոֆիտ ֆլորայով, որն աճում է բոլոր գոտիներում՝ Արարատյան դաշտավայրի կիսաանապատներից մինչև ալպյան գոտի։ Հայաստանը ֆլորայում կա գեղազարդ բույսերի մոտ 700 տեսակ, որոնք պատկանում են 64 ընտանիքի, 300 ցեղի:
Արարատյան դաշտավայրում աճող վայրի գեղազարդ բույսերից շատերն ունեն գեղագիտական արժեք և գործնական հետաքրքրություն արիդային ծաղկաբուծության համար՝ շրջակա միջավայրի չոր պայմաններին նրանց հարմարվողական հնարավորություններով պայմանավորված:
«Ես զբաղվելու եմ ծաղկափոշով։ Քանի որ բույսերը, մենք գիտենք, բազմանում են վեգետատիվ և գեներատիվ եղանակներով»:
Բույսերի կենսաբանության և աշխարհագրության բաժնի ավագ Գիտաշխատող Արաքսյա Էլբակյանի աշխատանքային գործիքը ծաղկափոշին է լինելու: Աշխատանքի հենց այս փուլում է պարզ դառնալու՝ ինչ տեխնոլոգիաներով կարելի է բազմացնել բույսը՝ առավելագույն տարածում ապահովելու համար։
«Կենսունակությունը որոշելու համար մենք ծաղկափոշին պետք է ծլեցնենք հատուկ սննդարար միջավայրի վրա, և նայենք՝ ծլում է, թե ոչ։
-Իսկ եթե կենսունակ չլինե՞ն ուսումնասիրվող բույսերը:
-էդ ժամանակ մենք կօգտագործենք վեգետատիվ բազմացումը, տերևներով, ընձյուղներով և այլն:
-Մենք իրենց հաստա՞տ չենք կորցնի»:
Գիտախումբը խոստանում է՝ չենք կորցնի: Դեռ ավելին՝ բույսերն արդեն այգում են: Դրանք ներմուծված են և ծաղկային հավաքածուում, և Հայաստանի ֆլորայի և բուսականության էքսպոզիցիոն հողամասում, ուր աճեցվում են տարբեր մարզերից բերված բուսատեսակներ: Իսկ հաջորդ տարի վաղ գարնանը այցելուներն արդեն կկարողանան տեսնել, օրինակ, ծաղկած Հիրիկ նրբագեղը: Քաղաքային իշխանությունների հետաքրքրության դեպքում դրանք կընդգրկվեն նաև Երևանի կանաչապատման աշխատանքներում:






