
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը։
«Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ստիպված են մտածել, թե երեխայի ծնունդը նրանց համար լոկ անհասանելի երազանք է: Անպտղությունն այդպիսով մթագնում շատ հայկական օջախների ընտանեկան երջանկությունը: Շատ դեպքերում այն անգամ կարող է հանգեցնել այդ խնդրին բախված ընտանիքների քայքայմանը: Սակայն ժամանակակից բժշկական գիտության ձեռքբերումները թույլ են տալիս օգնել նման ընտանիքներին և երեխա ունենալու բախտ պարգևել նրանց»,- հայտարարել է Ռիտա Սարգսյանը։
ՀՀ նախագահի տիկինը նշել է, որ թեեւ վերարտադրողական բուժօգնությունը Հայաստանում շատ ավելի մատչելի է, քան արատասահմանում, այնուամենայնիվ, այդ ընտանիքներից շատերի համար այդպիսի ծառայությունները ֆինանսապես հասանելի չեն եւ հայտնել, որ «Արագիլ» հիմնադրամի շուրջ համախմբված մարդիկ կարծում են, որ նման ընտանիքներին չի կարելի թողնել միայնակ։
«Մենք պետք է օժանդակություն ցուցաբերենք ցանկացած զույգի, որն ունի ծնող դառնալու ցանկություն», – համոզված է Ռիտա Սարգսյանը:




