
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Այսօր ներկայացվել են «Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքս» ուսումնասիրության հերթական փուլի արդյունքները: Հետազոտությունը, որը երկրորդն է ծրագրի իրականացման ընթացքում, ընդգրկում է հուլիսից- սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը: Այդ եռամսյակի արդյունքներով ՝ ԶԼՄ- ների ազատության ինդեքսով Հայաստանը երրորդն է Արևելյան գործընկերության 6 երկրների շարքում. մեր երկիրն իր ցուցանիշով գերազանցում է Ուկրաինային, Ադրբեջանին և Բելառուսին, զիջում ՝ Մոլդովային ու Վրաստանին:
«ԶԼՄ- ների ազատության ինդեքս» ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բելառուսում: Հետազոտությունը փորձում է ներկայացնել, թե լրատվամիջոցների ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության առումով իրավիճակն ինչպիսին է Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրում: Հուլիսից- օգոստոս ընկած ժամանակահատվածի արդյունքներով ՝ Հայաստանը Արևելյան գործընկերության 6 երկների շարքում երրորդն է ԶԼՄ-ների ազատության ինդեքսով. իր ցուցանիշով զիջում է Մոլդովային ու Վրաստանին, գերազանցում Ուկարինային, Ադրբեջանին և Բելառուսին։
Սա, ի դեպ, գրեթե նույն սանդղակն է, որն արձանագրվել էր նաև ծրագրի նախորդ փուլի ընթացքում։ Միակ փոփոխությունն այն է, որ Մոլդովան բարելավել է իր դիրքերը և դարձել առաջատար Արևելյան գործընկերության 6 երկրների ցանկում: Երևանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանն այդ առաջընթացն ավելի շատ Վրաստանի հետընթացով է պայմանավորում։ «Ես կասեի, որ ոչ այնքան Մոլդովան է առաջընթաց ապահովել, որքան դանդաղել է Վրաստանի առաջընթացը»,- նկատում է փորձագետը։
Հետազոտությանը յուրաքանչյուր երկրում մասնակցել է 10- ական փորձագետ։ Նրանցից յուրաքանչյուրը պատասխանել է 55 չափանիշների հիման վրա կազմված հարցաշարի՝ գնահատելով ԶԼՄ- ների ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը: Հարցերը խմբավորվել են 4 հիմնական բաժիններում՝ քաղաքականություն, գործնական կիրառում, հեռարձակող ԶԼՄ- ներ , ինտերնետ ու այլընտրանքային լրատվամիջոցներ: Այս բոլոր բաժինների միավորների հանրագումարով կազմվել է յուրաքանչյուր երկրում ԶԼՄ- ների ազատության վարկանիշը։ «Նախորդ փուլի համեմատությամբ՝ մեծ տեղաշարժեր չեն եղել: Հայաստանը պահպանել է իր երրորդ տեղը: Ուկարինայից, փաստորեն, մեր երկրին հաջողվել է առաջ անցնել: Ադրբեջանից ու Բելառուսից շահեկանորեն տարբերվում է մեր իրավիճակը, իսկ Մոլդովան և Վրաստանը շարունակում են մեզնից առաջ մնալ»։
Ի դեպ՝ չորս ուղղություններից երկուսում մեր երկրի դիրքերն ավելի բարձր են. քաղաքականության կամ օրենսդրական կարգավորումների առումով Հայաստանը 6 երկրների ցանկում երկրորդն է՝ զիջելով միայն Վրաստանին: Ինտերնետի և այլընտրանքային լրատվամիջոցների ազատության առումով ցուցանիշը համարյա նույնն է, ինչ ունի երկրորդ տեղը զբաղեցնող Վրաստանը։




