ԿարևորՀասարակություն

Աստղերի հայրենիքը․ Արցախի Աստղաշեն գյուղում կյանքն ամրացնում են հողին նոր տներով

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում նոր բնակավայրի ակտիվ շինարարական աշխատանքներ են։ Սա Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների նոր բնակավայրն է դառնալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։ Նոր թաղամասը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև 2022թ.։

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղ ենք ուղևորվում։ Աստղաշենի աստղակերպ բրածոների մասին շատ էի լսել, ու թվում էր՝ գյուղ հասնելուն պես տեսնելու եմ դրանք։ Նախորդ օրն անձրև էր տեղացել, իսկ անձրևի հետ կապված տեղի բնակիչները մի գեղեցիկ առասպել ունեն, ասում են՝ հորդառատ անձրևից առաջացած հեղեղից հետո գետինը լցված է լինում աստղերով՝ ասես անձրևի հետ  երկնքից թափված։ Տե­ղաբ­նակ­նե­րը պն­դում են նաև, որ հնա­գույն ժա­մա­նակ­նե­րում այս­տեղ օվ­կիա­նոս է ե­ղել։ Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մանր կենդա­նի­նե­րի մնա­ցորդ­ներն աս­տի­ճա­նա­բար քա­րա­ցել են օվ­կիա­նո­սի հա­տա­կին։ Իսկ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­վել են ծո­վա­յին աստ­ղա­կերպ բրա­ծո­ներ, որոնք եւ որոշել են գյուղի անունը։

Ես այդպես էլ չգտա աստղեր, փոխարենն ականատես եղա ակտիվ շինաշխատանքների։ Գյուղի հարևանությամբ նոր բնակավայր է կառուցում «Կապավոր» ընկերությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Տեխնիկական հսկողությունն Արցախի քաղաքաշինության նախարարությանն է: Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյան․

«Այստեղ հաստատվելու են Ասկերանի շրջանի օկուպացված Ջրաղացներ, Մադաթաշեն, Մոշխմհատ և Սղնախ համայնքների բնակիչները։ Նախագծով նախատեսված է 211 տուն, առաջին փուլում կկառուցվի 116-ը»։

Արթուր Գրիգորյանն ասում է՝ այս շինարարությունն այն մասին է, որ արցախցին այստեղից չի պատրաստվում հեռանալ․

«Ես կարող եմ ասել, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, թե Հայաստանի ԱԺ-ում ինչ են քննարկում կամ չեն քննարկում, դա արցախցիներիս չի հետաքրքրում։ Եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, 1-2 տարի հետո կլինի բնակչության տեղահանում, այսինքն՝ Արցախ չի լինելու, եթե լինենք Ադրբեջանի կազմում»։

Մեր զրույցի նույն թեման ակտիվ քննարկվում է գյուղամիջում։ Շինհրապարակի աղմուկից ոչ պակաս՝ այստեղ ահել-ջահել աղմկելով այդ հարցով են տարված․

-Ի՞նչ խաղաղության համաձայնագրի մասին է խոսքը, հանուն ինչի՞,այսինք թուրքի հետ ապրե՞նք դա չլինող բան է։

-Դա փակված թեմա է, ձև չկա, եթե Արցախը եղավ Ադրբեջանի կազմում։ Թուրքի պռագռաման է դա, որ Արցախը հայաթափի, ինքը գա էստեղ ապրի, դա չլինող բան է։

Գյուղամիջում քաղաքագիտական ամենատարբեր վերլուծություններ են ու եզրահանգումներ։ Ալբերտ Ղազարյանն, իր ձեւակերպմամբ, հինգ պատերազմի մասնակից է, հերթով թվարկում է՝ Բաքվի ջարդեր, Սումգայիթ, Արցախյան առաջին պատերազմ, քառօրյա, իսկ 44 -օրյային օգնել է տղաներին։ Հումորով նկատում է՝ որոշեցի գնալ, ապրել Ուկրաինայում, էն էլ այնտեղ էլ պատերազմ սկսվեց։ Հետո ինքն իրեն է ուղղում՝ ոչ մի տեղ էլ չի պատրաստվում գնալ։

«Արցախը իլալ է ու մնալու է իր տեղում։ Մեր հայրենիքն ու մեր հողն է, պետք է պաշպանենք, ի վսյո»։

Նախկինում, երբ այցելում էի Արցախի որևէ գյուղ, գյուղացիները մեկը մյուսին հերթ չտալով պատմում էին իրենց խնդիրներից ու հոգսերից։ Պատերազմից հետո նրանք այդ հարցերից այլևս չեն խոսում, բոլորի մտա­հո­գու­թյուն­նե­րը, խն­դիր­ներն ու ե­րազանք­նե­րը կապ­ված են հայ­րե­նի­քի ա­զատ և կա­յուն ա­պա­գա­յի հետ։

Գյուղամիջում երիտասարդներ են նստած, ինձ հուշում են, որ տղաներից երկուսը 44 -օրյա պատերազմի մասնակիցներ են, նրանցից մեկն էլ Հադրութից է։

-Դե ի՞նչ խոսեմ, դժվար է 18 տարի ապրել մի տեղ ,այդ հողի համար պայքարել ու հետո այն քոնը չլինի։ Ցավ կա։

Տղաները սկզբում չեն խոսում պատերազմից, բայց հետո ստացվում է զրուցել։

«Պերսմենկեն իջել էինք ,երկու օր հետո առավոտյան ձայնից արթնացանք, տեսանք, որ 4 կողմից ծուխ է դուրս գալիս։ Դաժան էր, բայ ց ամենադաժանը՝ երբ կորցրինք շատ մարտական ընկերների։ Տղաներից մեկի ձեռքերը քաշեցի, մնաց ձեռքերիս մեջ»։

Տղաների հետ ուզում եմ խոսել իրենց ապագայից, երազանքներից, բայց նրանց բոլոր մտքերն ու երազանքները մեկ անուն ունեն՝ հայրենիք․

 «Ես իմ ապագան տեսնում եմ միայն Արցախում»։

Աստղաշենից հեռանում եմ, բայց հույսով, որ հաջորդ այցից առանց աստղի չեմ վերադառնա։

Կարդացեք նաև

Back to top button