
Հունիսի 10-ին՝ ժամը 20:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունենալու Եղիշե Չարենցի «Ազգային երազ» համանուն պոեմի ռադիոներկայացման պրեմիերան։
«Երգիծական և ողբերգական» ժանրի այս պոեմը Չարենց երազողի, հայրենասերի, քաղաքացու սթափեցման, զգաստացման կոչն է՝ ուղղված արկածախնդիր «ազգային գործիչներին», ժողովրդին, ինչպես նաև Հայոց եղեռնի արձագանքն է չարենցյան ստեղծագործական աշխարհում։ Պոեմի նոր ձևաչափով՝ ռադիոներկայացմամբ մատուցումը նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին։

«Ազգային երազ» ռադիոներկայացումը կազմակերպվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի Հանրային Ռադիոյի համագործակցությամբ:
Ռադիոներկայացման հեղինակ և ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան, կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան, դերերում՝ Սամվել Թոփալյան (Հեղինակ), Արամ Գևորգյան․ Արամո (Ահո), Մխիթար Ավետիսյան (Լեգիոն), Դավիթ Եղիազարյան (Ընկեր), Արմեն Սարգսյան (Զինակից), Անդրանիկ Զաքարյան (Վետերան), Դավիթ Գասպարյան (Մարտիկ), Սմբատ Ստեփանյան (Խենթ)։ Նանի օրորը՝ Լուսինե Նազարյանի, ձայնագրման օպերատոր՝ Արփինե Անտոնյան։
«Ազգային երազ» ռադիոներկայացումը Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում կհեռարձակվի հունիսի 10-ին, ժամը 20:10-ին։
․․․ Միրաժ է կյանքը, երազ ու տեսիլ –
Քո այդ երազում դու կյա՜նքն ես տեսել։
Կյանքը աշխարհում մի երազ է հենց,
Օ, ցնդած պոետ Եղիշե Չարենց ․․․
| Եղիշե Չարենց, «Ազգային երազ», 1917-1918 |




