ԿարևորՀասարակություն

Երբ պատերազմը կյանք ու մասնագիտություն է փոխում

Պատերազմից հետո Անուշ Հակոբյանի ընտանիքը տեղափոխվեց Երևան, որոշ ժամանակ անց, սակայն, որոշեցին վերադառնալ հայրենի Արցախ ու ապրել այն հողում, որը պաշտպանելու համար զոհվել էր ամուսինը՝  հրշեջ-փրկարար Արայիկ Հակոբյանը։ Նրա մահվանից հետո Անուշը որոշեց, որ փրկարարի համազգեստն ինքն է հագնելու։

Արցախի Արտակարգ  իրավիճակների  9-11 ծառայությունում զանգերին պատասխանում է Անուշ Հակոբյանը։ Մինչև պատերազմն աշխատում էր Շուշիի թատրոնում, բայց պատերազմը փոխեց Անուշի կյանքն ու մասնագիտությունը։ Ամուսինը՝ Արայիկ Հակոբյանը, զոհվեց նոյեմբերի 6-ին Շուշիիում։ Ավելի քան 20 տարի նա այստեղ  հրշեջ փրկարար էր աշխատել։ 2020 թ–ի սեպտեմբերի 26 –ին նշանակվել էր  պահակախմբի պետ, իսկ հաջորդ օրն արդեն պատերազմ էր․ 

«15 տարի շարունակ մեր համատեղ կյանքի ընթացքում մենք տեսել ենք այս համազգեստը  մեր տանը, ու ամեն օր դրանով ամուսնուս  աշխատանքի եմ ուղեկցել»։

Անուշն ասում է, որ եթե իր կամքին մնար, դուրս չէին գա  Շուշիից, բայց  մնալը վտանգավոր էր երեխաների ու տարեցների համար։ Ամուսինն էլ հուսադրում էր,  ասում էր՝ եթե տնից դուրս գան, միևնույնն է, երկու օրից վերադառնալու են․

«Շուշիի քաղաքապետի հրամանով բոլորը դուրս եկան ,ասեցին ծանր տեխնիկա պետք է օգտագործեն, տարեցներն ու երեխաները կվախենան, և հոկտեմբերի 26 –ին դուրս եկանք»։

 Անուշն ամուսնու հետ վերջին անգամ խոսեց նոյեմբերի 6 –ին։ Ասում է՝ տրամադրությունը բարձր էր ու ամեն անգամվա պես նույնն էր կրկնում․

«Շուշին  ոչ ոք չի կարող գրավել։ Ամսի 6-ին խոսեցի հետ, ասեցի՝ բա  ի՞նչ եք անում, ծիծաղելով ասաց, որ դուրս են եկել որսի՝ նապաստակ են  ուզում  խփել։ Դե կոդերով էինք խոսում, որ թշնամին չհասկանար, բայց հետո պարզվեց, որ այդ պահին հրետակոծությունը դադարել է, ու Արայիկը զանգել է»։

Այդ զրույցից երկու ժամ անց Արայիկը զոհվել էր։

«Իրենք 4 հոգով են եղել, իրենց  ՈՒԱԶ–ով վիրավոր էին իջեցնում։  Տարբեր տեսակի զինատեսակներից խփել են մեքենային  ու 4 հոգուց երեքը վիրավորվել են։ Ամուսնիս չի վիրավորվել, բոլորին ճանապարհել է, նստացրել ուրիշ մեքենա ու ասել , որ շտապ օգնության մեքենա ուղարկեն ,քանի որ վիրավորները շատ են ու բայց իրեն նռնականետով  խփել են»։

Ամուսնու զոհվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Երևան, որոշ ժամանակ ապրել այստեղ։ Անուշն ասում է, որ երեխաները ոչ մի կերպ չեն հարմարվել, հատկապես մեծ տղան։  Եվ որոշել են վերադառնալ Արցախ։

«Որոշեցինք, որ պետք է վերադառնանք մեր հողը, քանի որ ամուսինս  այս հողի համար է կռվել ու այս հողի համար զոհվել։ Եթե մենք չգանք, ո՞վ պիտի գա։ Եթե ես չգամ իր զոհված, պաշտպանած հողում  ապրեմ, ո՞վ պիտի ապրի»։

Այսօր ապրում են Ստեփանակերտում ու ամեն օր տեսնում Շուշին՝  այդքան մոտ ու այդքան հեռու․

«Ոչ մեկ չէր կարող բարձրանալ Շուշի ու գրավեր։ Շուշիին  մենակ վերևից պետք է ինքնաթիռով  իջնեին ու գրավեին։  Ամեն դուրս գալուց դեպի վեր եմ նայում,մի ամբողջ կյանք ենք էնտեղ ապրել, հուշեր ենք էնտեղ թողել։ Ամեն ինչ կտայի, որ գոնե մեկ վայրկյանով մտնեի իմ տուն, գոնե նկարները կվերցնեի․․․, Էդ էլ չենք վերցրել, չենք պատկերացրել»։

Անուշենց ընտանիքում փրկարարի հագուստը հատուկ ուշադրության առարկա էր։ Բայց ամուսնու մահից հետ ստացվեց այնպես, որ այն այլևս պետք չէ․

«Ամուսնուս  զոհվելուց հետո  չէի ուզում, որ  այս համազգեստը մեր տանից պակասի։ Դիմեցի Արցախի ԱԻՆ, Կարեն Սարգսյանը և Մեխակ Արզումանյանը ընդառաջեցին ինձ ու ես  մեկ ամիս փորձաշրջան անցնելուց հետո անցա  աշխատանքի 9-11–ում։ Այս աշխատանքը կատարելիս ես ամեն անգամ հասկանում եմ,որ պետք   եմ իմ երկրին»;

Անուշն ամենաշատը սիրում է այն  զանգերը, երբ  պարզվում է, որ սխալ  են զանգել, ու մարդկանց  որևէ օգնություն պետք  չէ։ Հարցազրույցի ավարտին ցույց է տալիս հեռախոսում պահպանված նկարները, որոնցում   3 երեխաններն էլ փրկարարի հագուստով են։ Ասում  է՝ տղան արդեն հստակ որոշել է՝ հայրիկի կիսատ թողած գործն է շարունակելու։

Կարդացեք նաև

Back to top button