
Վրաստանի հայաշատ Ծալկայում բացվում է Դաշբաշի կիրճը՝ ապակե կամրջով, զբոսաշրջային եզակի ենթակառուցվածքներով։ Նախագիծը խոստանում է Վրաստանի չբացահայտված այս շրջանը դարձնել տուրիստական նոր ուղղություն՝ զբոսաշրջիկների թիվն ավելացնելով մեկ միլիոնով։ Ծալկայի շրջանի բազմաթիվ հայեր պատրաստվում են աշխատանքի անցնել զբոսաշրջային վայրում, կանգնում է գյուղից արտագաղթը, տեղացիները սովորում են վրացերեն։
Վրաստանի հարավում գտնվող Ծալկայի կիրճի զբոսաշրջային նախագծի կառուցման հետ շրջանը պատրաստվում է զբոսաշրջային մեծ հոսքեր ընդունել։ Հայաբնակ Դաշբաշ գյուղում, որտեղ գտնվում է բնության հուշարձանի կարգավիճակ ստացած կիրճը, բազմաթիվ տներ արդեն վերածվել են հյուրատների։
Իր մեծ ու փոքր ջրվեժներով, հարուստ ժայռերով, քարայրներով և յուրօրինակ կլիմայով կիրճը, կառուցված ապակե կամրջով և տուրիստական ենթակառուցվածքներով, գյուղը և ընդհանրապես շրջանն ընդգրկում է վրաստանյան զբոսաշրջային ուղեցույցներում։

Արմեն Մկրտչյանը տարիներ առաջ Կիպրոսում իր գործը թողել և պապական տուն է վերադարձել՝ Դաշբաշ, վերանորոգել այն ու հյուրատուն դարձրել: Նա գյուղում առաջիններից էր, որ սկսեց հին ու լքված տները գնել, վերանորոգել ու հանգստանալու համար ավելի հարմարավետ դարձնել։ Ասում է՝ զգում էր, որ իր «գյուղը դեռ պիտի հիացնի աշխարհին» ․
Իսրայելական Kass Land ընկերությունը մի քանի տարի առաջ որոշեց Ծալկայից ընդամենը երկու կմ հեռավորության վրա գտնվող, բայց գրեթե անհայտ այս գյուղում թաքնված կիրճը բացահայտել։ Ներդրումներ իրականցվեցին կիրճի էկոզբոսաշրջային վայրը բացելու համար, գեղատեսիլ այս ձորը կապում է եզակի ապակե կամուրջ՝ 240 մետր երկարությամբ, տարածքում կառուցվել է հյուրանոց, ռեստորան, զիփլայն, հեծանվային գոտի, սպա կենտրոն, լողավազաններ և այլն։
Ալգեթի արգելոցի տարածքում գտնվող Դաշբաշը (Թրգմ․՝ Քարագլուխ), ինչպես գյուղապետ Ռուբեն Խաչատրանն է ասում․

«Արգելոց է։ Կիրճի գետում իշխան տեսակի ձուկ կա, պարզ ջրում երևում են, մեր անտառները լեցուն են եղնիկներով։ Գյուղը զարգանում է, աշխատեղեր են բացվում․․․Այստեղ, ով հնարավորություն ունի, այսուհետ պետք է իջևանատուն բացի, տուրիզմով զբաղվի»։
Զբոսաշրջային կենտրոնում բազմաթիվ տեղացիներ արդեն աշխատանքի են ընդունվել։ Նախագծի մեկնարկի հետ տեղի հայերը կարծես արդեն պատրաստվում էին․վրացերեն է պետք իմանալ։ Դաշբաշը հայաբնակ գյուղ է, 105 հայ ընտանիք է ապրում։ Գյուղապետի խոսքով՝ վերջին տարիներին պետական լեզվի ուսուցմանը մեծ տեղ է տրվում, շատերն իրենց երեխաներին գյուղի հայկական դպրոցից տեղափոխում են կենտրոն՝ Ծալկայի վրացական դպրոցներ։

«Նրանք, ովքեր որոշել են մնալ Վրաստանում, իրենց երեխաներին վրացական դպրոց են տանում։ Գյուղում դեռ շատերը չգիտեն վրացերեն։ Երեխաների թիվն էլ հայկական դպրոցում կտրուկ կրճատվել է»։
Մյուս կողմից էլ ըստ գյուղապետի, քարոզարշավ են իրականացնում՝ հայկական դպրոցը նախընտրել, որտեղ կարելի է և հայերեն, և վրացերեն սովորել․ «եթե այսպես շարունակվի, ցավոք, դպրոցը կարող է փակման վտանգի առջ կանգնել»։
Զբոսաշրջային նոր ուղղության՝ Ծալկայի կիրճի հանդիսավոր բացումը տեղի կունենա առաջիկա օրերին։
Դաշբաշի կիրճի կառուցման հետ գյուղի ճանապարհներն ասֆալտապատվել են, փողոցները լուսավորվել, գազն արդեն հասել է յուրաքանչյուրի տուն։




