Հայաստանում գիտության ու գործարարության փոխգործակցության զարգացման և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2022թ․ հունիսի 13-17-ը կիրականացնի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը։
Միջոցառման բանախոսների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Արդեմ Փաթափությանը, Ռուբեն Ենիկոլոպովը, Գեորգի Դերլուգյանը, Գարիկ Իսրայելյանը, Դավիթ Բաղդասարյանը, Թոնի Սաֆոյանը և այլոք։ Միջոցառման նախաձեռնողն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան։
«Նման անձանց հետ շփումները լուրջ խթան կհանդիսանան գործարարների, գիտնականների և երիտասարդ մասնագետների համար ինչպես գործնական նոր գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ հետագա հնարավոր շարունակական համագործակցության համար»,- ասում է Վահան Քերոբյանը։
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառման շրջանակներում նախատեսվում են գիտական կոնֆերանս, հանդիպումներ գործարար համայնքի հետ, փորձի փոխանակում, բանախոսների ելույթներ Հայաստանի կրթական և գիտական հաստատություններում՝ ուսանողների, գիտաշխատողերի և ղեկավարկազմի մասնակցությամբ, ինչպես նաև Նոբելյան մրցանակի կրկնօրինակի հանդիսավոր հանձնում Հայաստանի պատմության թանգարանին։




