
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հիմնական և միջնակարգ դպրոցներում ջեռուցման շրջանը սկսվեց կենտրոնացված ջեռուցմամբ: Կրթօջախները գազիֆիկացվել են, տեղադրվել են նորագույն կաթսաներ:
Փարաքարի փողային նվագախումբը հանդիսավորությամբ ազդարարեց դպրոցում ջեռուցման նոր համակարգի ներդրման մասին: Նավթի վառարանները փոխարինվեցին գազի կաթսաներով, որը հնագույն կառույցի տաքացման լավագույն տարբերակն է: 1930 ական թվականների շինությունը տաքացնելը մշտական հոգս է եղել: Դպրոցի ջեռուցումը կազմակերպվել է նավթի վառարաններով, որի հոտը տհաճ զգացողություններ է առաջացրել: Այլևս դա պատմություն է և երեխաներն այժմ դասերն անցկացնում են կայուն ջերմաստիճան ունեցող տաք դասարաններում:
300-ից ավելի աշակերտ ունեցող Փարաքարի հիմնական դպրոցում այժմ սովորում է 125 աշակերտ: Աշակերտների թիվն այստեղ տարեցտարի նվազում է, Դպրոցի տնօրեն Արուսյակ Նարիբեկյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա 29 աշակերտի դիմաց այս տարի առաջին դասարան է հաճախել 14- ը։
Դեռ 10 տարի առաջ Փարաքարի միջնակարգ դպրոցը նախատեսեց անցնել էկոլոգիապես մաքուր ջեռուցման ` նավթի վառարանները փոխարինելով էլեկտրական տաքացուցիչներով, սակայն դպրոցն ամբողջ ծավալով հնարավոր չի եղել հավասարաչափ տաքացնել: 4300 քմ ընդհանուր տարածքից դպրոցում չի ջեռուցվել շուրջ 400 քմ-ը: Էլեկտրական ջեռուցման ծախսերը 700-800 հազար դրամ է կազմել: Միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Արուսյակ Առաքելյանը նշեց, որ ցուրտ ձմռանը չեն կարողացել դասարանները տաքացնել, քանի որ պատուհանները հին են և ստիպված այն խնամքով փակել են պոլիէթիլենային թաղանթներով:
Փարաքարի միջնակարգ դպրոցում դասարանների մի մասը նորոգված էր, մի մասը` ոչ: Տնօրեն Վարազդատ Հակոբյանի տեղեկացմամբ՝ դրանք մասամբ իրականացվել են պետական բյուջեի միջոցներով, մասամբ ծնողների ներդրմամբ: Այժմ ծախսերն ավելացել են, գազով ջեռուցման համակարգի գործարկումը մեծ ծախս է առաջ բերելու: Ջեռուցման կաթսաների հզորությունը ժամում 20000 խմ է, իսկ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով: Փարաքարի միջնակարգ դպրոցում սովորում է 421 աշակերտ:
Դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանը չցանկացավ ժամանակից շուտ ընկճվել և հույս հայտնեց, որ անպատճառ ելքը կգտնվի: Հավելեմ, որ Փարաքարի 2 դպրոցում ջեռուցուման նոր համակարգերը ներդրվել են հովանավորչական միջոցներով, որը ձմռան սկզբին դպրոցականների համար լավ նվեր էր:




