
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 17-ից Վրաստանի նախագահ կդառնա 44-ամյա Գեորգի Մարգվելաշվիլին, ով մինչ այդ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունում զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Ի տարբերություն հեռացող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ Գեորգի Մարգվելաշվիլին սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի փաստացի ղեկավարության լծակները փոխանցելու է վարչապետին: Ի դեպ՝ մեկ շաբաթից Վրաստանի կառավարությունը ևս կունենա նոր ղեկավար: «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր խոստմանը համաձայն պատրաստվում է պաշտոնը զիջել 31-ամյա Իրակլի Ղարիբաշվիլուն, ով այժմ գլխավորում է ներքին գործերի և հասարակական կարգի նախարարությունը։
Այսպիսով՝ Վրաստանում կավարտվի երկիշխանությունը, ասում է Հայաստանի ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով վերջերս է վերադարձել հարևան երկրից: Ըստ նրա՝ գործող վարչապետը կամավոր հրաժարարականից հետո պասիվ դերակատարում չի ունենա պետության կյանքում։ Դեռևս հեռացող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ վրացական իշխանական վերնախավի երիտասարդացում: Երիտասարդ և քիչ հայտնի Իրակլի Ղարիբաշվիլիի սպասվող նշանակումը վարչապետի պաշտոնին նշանակում է, որ այդ ավանդույթը շարունակվում է և նոր վարչակարգի օրոք։
Վարդապետյանը կարծիք հայտնեց, որ վրացական նոր իշխանություններին կհաջողվի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը բխում է նաև մեր երկրի շահերից: Մասնավորապես՝ ըստ պատգամավորի, հնարավոր է վերականգնվի հաղորդակցությունը աբխազական երկաթուղով, որը կկապի Հայաստանը Ռուսաստանի հետ։




