
Երևանում՝ Հրազդան գետի վրա, նոր կամուրջ է կառուցվել։ Շինարարությունը տևել է 3 տարի, ծախսվել է 26 մլն դոլար։ 252 մետր երկարությամբ ու 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջն իր տեսակով եզակի է։ Երևանի արևմտյան օղակաձև ճանապարահի մաս կազմող հատվածը նաև արագընթաց ճանապարհով կապելու է մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները։ Կամրջով առաջինն անցել են բեռնատար մեքենաները, ապա՝ կառավարության անդամների ու վարչապետի ծառայողական մեքենաները։ Մինչև տարեվերջ Երևանում ևս մեկ նոր մրցույթ կհայտարարվի, արդեն՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհատվածի համար։
Երևանի 5-րդ կամուրջը 252 մետր երկարություն ու 28 մետր լայնություն ունի։ Տեսակով եզակի է, քանի որ մետաղական է, մայրաքաղաքի հյուսիսն ու հարավը կապող օղակի կարևոր հատվածներից մեկն է։ Վարորդները Շիրակի օղակաձև հանգույցից Արգավանդ կհասնեն մեկ-երկու րոպեում, եթե երթևեկությունը ծանրաբեռնված չլինի։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ ճանապարհահատվածը Հյուսիս–հարավ ծրագրի՝ Երևանով անցնող հատվածն է.
«Մի քանի ամիս հետո, երբ Աշտարակ-Բաբաջանյան ճանապարհահատվածը վերջացնենք, հնարավորություն կլինի կամուրջով Աշտարակից մինչև Արարատի մարզ հասնել շատ կարճ ժամանակում՝ շրջանցելով Երևանի կենտրոնը։ Վեց երթևեկելի գոտիներ ունենք։ Մեր նորանկախ պատմության մեջ առաջին կամուրջն է, որը կառուցվել է զրոյից»։

Ծրագրի իրականացմանն ուղղվել է 26 մլն դոլար Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներից։ Բանկի փոխնախագահ Շիխին Չենը նկատում է՝ 17 տարվա համագործակցություն արդյունքում տարբեր ծրագրեր են իրականցվել։ Համատեղ աշխատանքները կշարունակվեն, քանի որ դրանք նաև տարածաշրջանային նշանակություն ունեն։
Ֆաբրիսիո Կոլիչինիոն կառուցված կամրջին մասնագետի աչքով է նայում․ ասում է՝ որևէ թերություն չի տեսնում։
«Կամուրջը նոր տեխնոլոգիայով չի կառուցվել։ Բայց այն այս տեխնոլոգիայով առաջին կամուրջն է Հայաստանում։ Սա երկաթ-բետոնե կոնստրուկցիայով կառուցված կամուրջ է, որի ամենաերկար թռիչքը 300 մետր է։ Ահա դուք տեսնում եք, որ ճանապարհը երկկողմանի է, ունենք երեք երթևեկելի գոտի, որը կօգնի դեպի Արգավանդ ու հակառակ ուղղությամբ ճանապարհային հոսքն արագ ապահովելուն»։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի դիտարկմամբ՝ նոր ճանապարհը կնպաստի Երևանի բեռնաթափմանը կնպաստի՝ հյուսիսից հարավ շարժվող վարորդներին հնարավորություն տալով երթևեկել առանց խցանումների ։ Կամուրջն իր վրա կվերցնի մայրաքաղաքի այլ ուղղություններից եկող ծանրաբեռնվածությունը՝ կարծում է
«Մի կողմից՝ հեշտությամբ անցնել Երևանը, մյուս կողմից՝ Երևանի ընդհանուր երթևեկությանը չխանգարել։ Ամբողջ նախագծման աշխատանքները գնում են այդ տրամաբանությամբ»։
Մինչև տարեվերջ նոր մրցույթ կհայտարարվի արդեն Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի կառուցման համար։ Այս հատվածում նույնպես նախատեսվում է մեկ կամուրջ կառուցել՝ այդպիսով մայրաքաղաքում կամուրջների թիվը հասցնելով վեցի։




