Քաղաքական

Հայաստանը բարձր է գնահատում ՄԽ համանախագահների ջանքերը

Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթներով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը։

Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվեց համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Դեսպան Անջեյ Կասպրչիկը ներկայացրեց իր գրասենյակի կատարած աշխատանքը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հայկական կողմը կարևորեց 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և ընդգծեց, որ Հիմնարար սկզբունքները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն։

Դեսպան Կիրակոսյանը շեշտեց Սոչիի հռչակագրով նախատեսվող հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և պայմաններ կստեղծի բանակցային գործընթացում առաջընթացի համար: Վերահաստատվեց Հայաստանի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ արտացոլված միջազգային իրավունքի սկզբունքների և համանախագահ պետությունների լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի ու ԵԱՀԿ Հելսինկիի, Աթենքի, Ալմաթայի, Վիլնյուսի և Դուբլինի նախարարական խորհրդաժողովների շրջանակներում ընդունված հայտարարությունների հիման վրա:

Back to top button