Հասարակություն

Տրանսպորտի ոլորտում բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախապես հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների և տաքսի ծառայությունների ներկայացուցիչների: Վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները ունեին երկու ուղղվածություն: Նրանց հիմնական մտահոգությունները կապված էին տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ:

Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ թվարկված խնդիրներից և ոչ մեկը որևէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների և իրավասությունների հետ։ «Նախարարությունը իրավասու է քննարկել միայն այն խնդիրները, որոնց լուծումը վերապահված է իրեն: Առանց մեզ դիմելու բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություններ անել, թե տրանսպորտի և կապի նախարարությունը մեղավոր է, ճիշտ չէ»,-նշեց նախարարը:

Խնդիրների երկրորդ խումբը, որոնք մտահոգում էին վարորդներին, առնչվում էր ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ «Բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում: Այդ նպատակն է հետապնդում նաև միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաև էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության և այլն) համար վճարվող գումարները»,- նշեց նախարարը:

Գ.Բեգլարյանը միաժամանակ ընդգծեց, որ բարեփոխումներին զուգընթաց տաքսու վարորդները պետք է մտածեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին:  Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ոլորտի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ, և նախարարության համապատասխան ներկայացուցիչները պատրաստակամ են ընդունելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տաքսու վարորդների գործունեության պարզեցմանը և կկանխի չպարզաբանված խնդիրների անհիմն շահարկումը։

Կարդացեք նաև

Back to top button