
Օրերս Հայաստան էին ժամանել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակության անդամները, հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ, այցելել Հայաստանի որոշ շրջաններ, ծանոթացել 44-օրյա պատերազմի հետևանքով ձևավորված իրավիճակին։ ԵՀԽ պատվիրակությանն ուղեկցող ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ Շվեյցարիայից, Գերմանիայից ու Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած պատվիրակների այցի արդյունքներով զեկույց կկազմվի ու կներկայացվի ԵՀԽ-ի առաջիկա ասամբլեայի ժամանակ։
ԵՀԽ-ի ասամբլեային ընդառաջ որոշում է կայացվել պատվիրակներ ուղարկել Հայաստան, Ուկրաինա ու Սերբիա՝ տեղերում իրավիճակներին ծանոթանալու համար։ Շվեյցարիայից, Գերմանիայից ու Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած պատվիրակները ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի ուղեկցությամբ այցելել են սահմանամերձ Երասխ համայնքի դպրոց, զրուցել աշակերտների ու տեղի բնակիչների հետ, եղել են նաև Տավուշի մարզում, հանդիպել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամների, վիրավորված զինծառայողների հետ ու արձանագրել իրավիճակը՝ այն հետագայում զեկույց դարձնելու համար։
«Հանդիպումներ եղան Երասխում․ սահմանը հենց մեր աչքի առաջ էր, և հայկական դրոշն էր երևում ,և ադրբեջանական։ Մոտակայքում դպրոց կար, այցելեցինք, հանդիպեցինք և երեխաների հետ, և ուսուցիչների։ Երևի դա պետք էր հասկանալու մեր իրավիճակը և նաև, իրենց խոսքով, պետք էր տեսնել, թե հայերը որքան հայրենասեր են։ Այդ հայրենասիրությունը մեր բոլոր այցելությունների ժամանակ կարմիր թելով անցնում էր՝ և երեխաների, և մեծահասակների ու ծերերի շրջանում, և դժգոհների, և գոհերի․․․ Դպրոցում, որը սահմանին շատ մոտ էր, աշակերտներն ու ուսուցիչներն իրենց շատ վստահ էին զգում, թեև երբեմն կրակոցներ են լինում, ու պարզ տեսանելի են իրենք՝ մեզ, մենք՝ իրենց, սակայն բնակիչները կառուցում են իրենց ապագան այդ հողի վրա ու մտադիր չեն որևէ տեղ հեռանալ»։
Ծրագրված է եղել նաև այցելություն Արցախ, որն իրականացնել չի հաջողվել, սակայն Էջմիածնում ԵՀԽ-ի անդամները հնարավորություն են ունեցել հանդիպել Արցախի թեմի առաջնորդի հետ։ Վերջինը պատմել է Արցախում տիրող իրավիճակի մասին, ընդգծել օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական հուշակոթողների վտանգված վիճակը։
«Այդ հանդիպումներից հետո պատվիրակության անդամներն ինձ հարցնում էին՝ ի՞նչ կուզեիք, որ եկեղեցիները, քրիստոնյաներն ինչպե՞ս արձագանքեն։ Ասացի, որ կուզենք, որպեսզի ձեր արձագանքը լինի հասցեական և կոնկրետ։ Խնդրում եմ, չասեք, որ մտահոգություն եք հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին ու ժողովուրդներին և այլն․․․ Այդ ընդհանուր բառերը մենք շատ ենք լսել, դրանից օգուտ չկա։ Եթե կարող եք, կոնկրետ բաներ արեք, օրինակ՝ և եկեղեցին, և կառավարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ այցելեն և տեղում ֆիքսեն վիճակը, սակայն արձագանք չկա։ Կարո՞ղ եք դուք՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ին հավասար կազմակերպություն, ճնշում գործադրել, որ դա անեն ու իրական պատկերը ներկայացնեն և մեզ էլ ասեն, թե ինչ տարբերակներ կան այդ վանդալիզմից խուսափելու»։
Հայոց կաթողիկոսը ևս խոսել է մշակութային վանդալիզմի մասին և հիշեցրել Նախիջևանի խաչքարերի օրինակը։
Քննարկվել է նաև գերիների հարցը։ Կարեն Նազարյանը տպավորություն է ստացել, որ պատվիրակները լսել ու հասկացել են մեր ասելիքը։ Ամեն դեպքում ՝ մեր դիրքորոշումն արձանագրվել է, իսկ այդ արձանագրությունները դառնալու են զեկույց ու ներկայացվելու են ԵՀԽ-ի ասամբլեայի ժամանակ, որը նախատեսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Աստվածաբան Վարդան Խաչատրյանը, ադրբեջանական վանդալիզմի մասին խոսելով, շեշտում է՝ հայ ժողովրդի կորուստները համաշխարհային քրիստոնեության կորուստներ են։ Նրա կարծիքով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ձևավորված վիճակը բարդ է, աշխատանքը՝ շատ։
«Այսօր աշխարհը պարզ լուծումներ չի ենթադրում, քանի որ այն շրջադարձային, անցման փուլում է։ Մեր ձեռքին պետք է ունենանք անվիճելի փաթեթներ, որոնք համանման պայմաններում, ԵՀԽ-ի անդամների հետ հանդիպման ժամանակ կարողանանք տալ նրանց ու հավակնել, որ տարբեր խողովակներով դրանք հասու կդառնան աշխարհին ու ինստիտուցիոնալ պատասխանի բարձր ատյաններին»։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կազմում 350 քրիստոնեական եկեղեցիներ են ավելի քան 100 երկրներից, ինչը նշանակում է՝ «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» խորագիրը կրող առաքելության շրջանակում պատրաստվող զեկույցը լսելի կլինի քրիստոնեական աշխարհում։






