
Շուրջ մեկ ու կես ամիս շարունակվող բողոքի, անհնազանդության ակցիաներ, սրա հետևանքով բերման ենթարկվածներ, քրեական գործեր, նաև բախումներ ոստիկանության ու բողոքի ակցիայի մասնակիցների միջև, տուժել են նաև լրագրողներ։ Ընդդիմությունը շարունակում է վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաները, իսկ ոստիկանությունը փորձում է վերականգնել կարգ ու կանոնը։
Մինչ ընդդիմադիրները ոստիկանությանը մեղադրում են ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար, ոստիկանությունում նախ պնդում են հակառակը՝ կոշտ ուժի չեն դիմել։ Ոստիկանության գործողությունների մասին խոսելիս փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ընդգծել էր՝ ոստիկանությունը գործում է գրագետ և պրոֆեսիոնալ և որ ոչ մի հատուկ միջոց չի կիրառվում։
«Որ այսքան աղաղակվում և բարձաձայնվում է, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, դա այդպես չէ։ Բացառիկ դեպքեր են։ Ինքնին բերման ենթարկելն իրենից ներկայացնում է որոշակի ուժի կիրառում, և այնպես է, որ մեր համաքաղաքացիներն ամեն կերպ փորձում են և դիմադրում են ոստիկանությանը բերման ենթարկվելիս»,– ասում է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Բայց ոստիկանությունից նաև տեղեկացնում են՝ ծառայողական քննություններ են ընթանում հենց ոստիկանների հանդեպ՝ այս իրադարձությունների ընթացքում գործելաոճի համար։ 47 ծառայողական քննություն, 10 քրեական գործ։ Ոստիկանությունից հայտնում են՝ ծառայողական քննություններից 2-ի դեպքում որևէ միջոց չի կիրառվի, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածն ընթացքի մեջ են։
Ոստիկանությունից «Ռադիոլուրին» հայտնում են՝ միայն մայիսի 30-ին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների առնչությամբ ևս 2 ծառայողական քննություն և 7 դեպքով էլ ուսումնասիրություն է ընթանում։
Ընդհանուր առմամբ՝ ոստիկանական գործողությունները զուսպ է գնահատում նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը և ցավով արձանագրում, որ, այնուամենայնիվ, բախումների և ուժի կիրառման դեպքերի ականատեսն ենք։
«Ցույցերի սկզբում մենք տեսանք բազմաթիվ դեպքեր, որ բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների նկատմամբ՝ ֆիզիկական ուժ, հարվածներ նույնիսկ դեմքի հատվածում և այլն։ Բայց այդ դեպքերից հետո բավականին զուսպ են սկսել գործել։ Չնայած վերջին օրերին էլ մենք տեսանք նաև ուժի կիրառման դեպքեր նաև լրագրողների նկատմամբ»,– ասում է Ժաննա Ալեքսանյանը։
Ըստ իրավապաշտպանի՝ ժողովրդավարական երկրի համար ամենամտահոգիչը հենց մասնագիտական գործունեություն ծավալող լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն են։ Այս առիթով համատեղ հայտարարություն են տարածել լրագրողական մի քանի կազմակերպություններ և կոչ արել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել ոստիկանության ծառայողների առավել հմուտ գործելաոճի, լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանք և հանդուրժողականություն ցուցաբերելու համար։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ մեջբերում․
«Մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք» թերթի լրագրողի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան։ Բախումների ընթացքում իրավապահները ուժ են գործադրել նաև «YerkirMedia.am» լրատվական կայքի խմբագրի նկատմամբ՝ փորձելով նրան բերման ենթարկել: Երկու լրագրողներն էլ այդտեղ են եղել՝ ակցիան լուսաբանելու համար և կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատում է նաեւ՝ հաճախ մամուլի ներկայացուցիչներն են ատելության խոսքի տարածողը դառնում, ինչն էլ ֆիզիկական բռնության ուղիղ հետևանք է։
«Մենք տեսնում ենք, որ ատելությամբ լցված է նաև մամուլը․ կադրեր կային, երբ, օրինակ լրագրողներից մեկը ջուր է լցնում ընդդիմության պատգամավորներից մեկի վրա։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ այս բողոքի ակցիաների բոլոր կողմերի մեջ կուտակված ատելություն կա։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ ակցիայի մասնակից քաղաքացիները բռնություն կիրառեն նաև ակցիաներին չմասնակցող, հակառակ կարծիք ունեցող քաղաքացիների նկատմամբ, ինչի ականատեսը եղանք Գյումրիում»,– ասում է Ալեքսանյանը։
Հասարակությունը պետք է հետևողական լինի ծառայողական քննությունների ու հարուցված քրեական գործերի ընթացքի հանդեպ՝ ասում է իրավապաշպան Ժաննա Ալեքսանյանը։ Հաճախ ենք լսում ծառայողական քննությունների ու քրեական գործերի մասին, բայց այդպես էլ հասարակությունը չի իմանում՝ ո՞վ պատասխանատվություն կրեց, կրե՞ց, թե ոչ։ Ըստ իրավապաշտպանի՝ այս թվացյալ «անպատժելիությունն» է նաև նոր բռնությունների պատճառ դառնում։







