ԿարևորՀասարակություն

Հումանիտար գիտությունները կարևոր են․ «Ցեղասպանագիտությունը» սպասում է դիմորդների

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների կենտրոնում կրկին մեկնարկել է տարածաշրջանում միակ՝ Ցեղասպանագիտության մագիստրոսական ծրագրի ընդունելությունը։ Բացառիկ ուսումնական ծրագիրը նույնպիսի հնարավորություններ է տալիս․ օրինակ, աշխարհի գիտական կենտրոններում հայագիտական հետազոտություններ անելու։

Ռոբերտ Սուքիասյանը Երևանից 12 000 կմ հեռվում՝ Կալիֆորնիայի համալսարանում, Հայոց ցեղասպանության ընթացքում Սեբաստիայից տեղահանվածների պատմությունն է ուսումնասիրում։ Հետազոտական աշխատանքի հիմքը տեղահանումները վավերագրող նկարներն ու ֆիլմերն են, որոնք հարցեր են առաջացրել՝ ինչպե՞ս էր դա տեղի ունեցել, արդյո՞ք հնարավոր չէր դիմադրել․

«Սեբաստիայի վրա կանգնելու որոշումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, գլխավորապես՝ Սեբաստիայի տեղահանությունների կործանարարությամբ։ Սեբաստիայից տեղահանված ժողովրդի շուրջ 90 տոկոսը բնաջնջվել է մինչև անապատ հասնելը, մինչև Սիրիական անապատ, Դեր Զոր հասնելը, ուստի անհրաժեշտ էր հասկանալ, թե ինչ մեխանիզմներ ու մեթոդներ էին գործել այս հսկայական ոճիրն իրականացնելու համար»։

Հետաքրքրությունն առաջացել էր դեռ տարիներ առաջ, երբ ԵՊՀ-ում արվեստաբանություն ուսումնասիրելիս հետաքրքրվել էր ցեղասպանության խնդրով։ Հաջորդ քայլը ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտության մագիստրոսական ծրագիրն ընտրելն էր․

«Արվեստաբանության ուսման տարիներին, իմանալով հայ արվեստի կորուստների մասին ցեղասպանության ընթացքում, մտածեցի՝ լավ հնարավորություն կլինի, այդ երկու ուսումնասիրության ոլորտները միավորել այս բաժնում։ Մագիստրոսական թեզի թեմա՝ մշակութային ցեղասպանություն»։

Ատենախոսության թեման ևս կենտրոնացած էր Սեբաստիայի հայերի տեղահանության խնդրի վրա։ Ռոբերտը միակը չէ, որ տարածաշրջանի միակ ցեղասպանագիտության կրթական ծրագրում սովորել ու թեման միջազգային հարթակներում գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել։ Ծրագրի ղեկավար Սուրեն Մանուկյանն է պատմում․

«Ցեղասպանագիտությունը Հայաստանում մշտապես նոր, որակյալ կադրերի պահանջ ունի, թեման շատ պահանջված է ամբողջ աշխարհում, և եթե մենք համեմատում ենք, թե էլ որտեղ կան նման ամբիոններ, մագիստրոսական ծրագրեր, աշխարհի լավագույն համալսարանները դա առաջարկում են։ Հարվարդում կա, Կոլումբիայի համալսարանում կա, լավագույն համասլարանները գտել են, որ սա պահանջարկ ունեցող մասնագիտություն է, և բացել են այդ ամբիոնները»։

Ասում է՝ սա գիտություն է, որը գտնվում է պատմության, իրավունքի, քաղաքագիտության և հոգեբանության հատման կետում։ Ծրագիրն ավարտողները ստանում են միջազգային հարաբերությունների մագիստրոսի դիպլոմ՝ ցեղասպանագետի կոչումով։ Նախորդ տարվա շրջանավարտներն, այս ծրագիրն ավարտելով, համարվել են նաև Ցեղասպանությունների կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ–ի ամբիոնի շրջանավարտ։ Մանուկյանը հուշում է՝ այս տարվա ընդունելությունը մեկնարկում է, նոր ընդունվողների համար էլ կարևոր նորություն ունեն․

«Անոնսի կարգով ասեմ, որ մյուս ուսումնական տարվանից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է Հայոց ցեղասպանության թանգարանի հետ համատեղ։ Այսինքն՝ սա լինելու է համատեղ ծրագիր, կթարմացվեն ծրագրերը, դասախոսները կլինեն երկու հաստատությունենրից։ Ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան թանգարանում պրակտիա անցնել, ծանոթանալ գործին, պետական այցելությունների, միջազգային գիտաժողովների կմասնակցեն և այդ առումով, կարծում եմ, որ կապը շատ ավելի ամուր կլինի»։

Ցեղասպանագիտության ոլորտում մասնագիտանալ ցանկացողները ծրագրի շրջանակում ուսումնասիրում են ցեղասպանագիտության ներածություն, համեմատական ցեղասպանագիտություն, Հոլոքոստի պատմություն, Հայոց ցեղասպանության պատմություն։ Այս ամենն ավելի խորապես ճանաչելու համար նաև թուրքերենի ու օսմաներենի դասընթացներ են անցնում։

«Մենք ունենք նաև ուսանողներ արտասահմանից, 2 ասպիրանտ մեկը՝ Իտալիայից, մյուսը՝ Իրաքից։ Մեկը զբաղվում է մշակութային ցեղասպանությամբ՝ Նախիջևանի և Արցախի օրինակով, մյուսը, լինելով արաբ, ուսումնասիրում է արաբական նյութեր երիտթուրքերի մասին և զբաղվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հենց արաբական արխիվների ուսումնասիրմամբ»։

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում վստահ են՝ հայագիատական, հումանիտար գիտությունների նկատմամբ թերագնահատված վերաբերմունքը խիստ խնդրահարույց է։ Հումանիտար գիտակարգերն առանցքային նշանակություն ունեն ներպետական, ներհասարակական ճգնաժամերից խուսափելու կամ դրանք լուծելու գործում։ Ռոբերտ Սուքիասյանն իր օրինակով է հուշում՝ այս ոլորտներին պետք է լրջորեն մոտենալ, քանի որ դրանք են, օրինակ, 12 000 կմ հեռվում կարևոր ուսումնասիրություն կատարելու հնարավորություն տալիս։

Կարդացեք նաև

Back to top button