ԿարևորՀասարակություն

«Արցախի կոթողային մշակույթը»․ եռալեզու հետազոտություն՝ արժեքների պահպանման և կեղծիքի կանխման համար

60-70 գրչանկար, 300 լուսանկար, որոնց հիմնական մասը հրապարակվում  է առաջին անգամ․ «Արցախի կոթողային մշակույթը» գիրքը լույս է տեսել՝ աշխարհին 3 լեզուներով՝ հայերենով, անգլերենով ու ռուսերենով պատմելու Արցախի կոթողների մասին և կանխելու մշակութային վանդալիզմի՝ ադրբեջանական հետագա փորձերը։ Հետազոտությունը հեղինակել են ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը և մշակութաբան, հնագետ Նժդեհ Երանյանը։ Պետրոսյանն ասում է՝ Ադրբեջանը հայկական մշակութային արժեքների դեմ պայքարելու մի քանի տարբերակ ունի՝ ոչնչացնել, քողարկել, վերագրել իր կամ այլ մշակույթի․

«Բազմէթնիկության, բազմամշակութային երկիր լինելու, մշակութային հանդուրժողականության երկիր լինելու քարոզչությունը միջազգային ասպարեզում։ Ադրբեջանում ապրում են ռուսներ, թաթարներ, ուդիներ, և շատ հեշտ է հայ մշակութային ժառանգությունը սրան կամ նրան վերագրելը՝ որևէ կասկածելի, անընդունելի, արհեստական հիմքի վրա»։

Ադրբեջանը, մասնավորապես, փորձում է Արցախի տարածքում գտնվող խաչքարերը աղվանական համարել։ Մշակութաբանները չեն փորձել ծաղրել, վիրավորել ադրբեջանցի, այսպես ասած, հետազոտողներին կեղծ փաստեր ներկայացնելու  համար, սակայն հայկականությունը վկայող փաստերն ամենայն մանրամասնությամբ են ներկայացրել։ Ասում են՝ դա անել պետք է նախապես, մինչև որևէ վայրագության բախվելը։

«Ընդհանրապես, գիտության մեջ, հատկապես հուշարձանագիտության, մարդիկ լավ տեղյակ չեն, և ով առաջինը նկարագրում է, նա կարող է համապատասխան մեկնաբանություն տալ, և առաջին ծանոթությունը մեկնաբանությամբ է ընկալվում ու հաճախ թյուր կարծիք ձևավորում»։

Գրքի համահեղինակ Նժդեհ Երանյանը պատմում է՝ ներկայացրել է Արցախի կոթողային մշակույթը՝ ներառելով հին, անտիկ, վաղքրիստոնեական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը։

«Դաշտային ամբողջ աշխատանքը իրականացվել է իմ, պարոն Պետրոսյանի և մեր գործընկերների ներգրավմամբ։ Տարիների հետազոտության արդյունքում  մեկիկ-մեկիկ բոլոր կոթողները ինքներս տեսել ենք, լուսանկարել ենք, դրանց գրչանկարներն արվել են մեր գործընկերների կողմից, ովքեր ևս դաշտում են եղել։ Ամբողջը հրատարակվում է մեկ աշխատանքում առաջին անգամ։ Այստեղ ոչ թե գրականության, տարբեր աղբյուրների վերլուծություն է, այլ դաշտային հետազոտության արդյունքների ամփոփում»։

Մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ վերջերս լույս է տեսել նաև «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» քառալեզու գիրքը՝ Համլետ Պետրոսյանի ու ամբիոնի դասախոս Հասմիկ Մուրադյանի հեղինակությամբ։ Վերջինը պատմում է՝ գիրքը ներառում է դրվագներ խորհրդային տարիներին Ադրբեջանի վարած քաղաքականության, Արցախյան առաջին, 44-օրյա պատերազմներից հետո տիրող իրավիճակի, իրավական, օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև՝ վերջին շրջանում տեղի ունեցող մշակութային ոտնձգություններին միջազգային կառույցների արձագանքի մասին․

«Սա ձեռքի փոքրիկ տեքստ է, որը ներկայացնում է տիրող իրավիճակը և փոքր պարբերությամբ նաև փորձել ենք ներկայացնել, թե ինչ կարող են անել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միասնական հայեցակարգ և ռեսուրսահեն լուրջ քաղաքականություն պիտի մշակվի, որտեղ մշակութային ժառանգության պաշտպանությունը կլինի առաջնային դիրքերում»։

Մինչև տարեվերջ լույս կտեսնի նաև Տիգրանակերտի մասին պատմող աշխատությունը, որի ստեղծման գործում ներգրավված են եղել հայ և օտարերկրացի 15 հետազոտողներ։

Կարդացեք նաև

Back to top button