
Վերջին 2 ամիսների ընթացքում կտրուկ նվազել է վարորդական իրավունք ստանալու համար տեսական քննություն հանձնողների, նաև դրական արդյունք գրանցողների թիվը՝ արձանագրում են ճանապարհային ոստիկանությունում և բացատրում՝ արդեն 50 օր է՝ ապագա վարորդները տեսական քննություն են տալիս համալրված հարցաշարերով․ նախկին 600–ի փոխարեն դրանցում 1100 հարց է։ Ըստ ոստիկանության ՝ արձանագրված պատկերի հիմքում այս փոփոխությունն է։ Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Արմեն Սարգսյանն ասում է՝ տարիների փորձը ցույց է տվել, որ թեկնածուները տեսական քննությունն անցնում էին մի քանի րոպեում, ինչն առիթ է տվել մտածելու, որ շատերը պարզապես անգիր են սովորում պատասխանները՝ ասում է Սարգսյանը և հավելում՝ հենց այդ խնդիրը լուծելուն էր միտված փոփոխությունը։
«Մեր ամբողջ խնդիրը վարորդի թեկնածուին ստիպելն էր, որ ուսումնասիրի ճանապարհային երթևեկության ոլորտի օրենսդրությունը, ոչ թե գնա և անգիր հարցերին պատասխանի։ Հարցերի գրեթե կրկնապատկումը այդ տարբերակով քննություն հանձնողների համար կրկնակի բարդ է։ Իրականում՝ եթե քաղաքացին ունի գիտելիքներ, տարբերություն չկա՝ այդ հարցաշարը բաղկացած է 500, 1500 թե 2500 հարցից, քանի որ թեման, բովանդակությունը, ընդհանուր առմամբ, նույնն է»,-ասում է Արմեն Սարգսյանը։
Փոփոխությունը տեղին, բայց թերի է համարում ավտոդպրոցի տնօրեն, հրահանգիչ Սոնա Հախվերդյանը։ Նրա դիտարկմամբ՝ նախորդ հարցաշարում սխալներ ու վրիպակներ կային, որոնք տարիներ շարունակ չէին շտկվում։ Փոփոխությունից հետո դրանք ոչ միայն չեն ուղղվել, այլև ավելացել են՝ ասում է զրուցակիցս։
«Համաշխարհային պրակտիկայում միակողմանի ճանապարհների վրա հետընթացը չի արգելվում, իսկ մեր կանոններով արգելվում է շատ անհասկանալի պատճառաբանությամբ ։ Արդյունքում՝ մեր թեստերում ունենք հարց, որում մեքենան իլուստրացիայում հետընթաց է կատարում միակողմանի ճանապարհին, և ճիշտ պատասխանն է, որ թույլատրվում է։ Այսինքն՝ ստացվում է, որ ճանապարհային երթևեկության ռուսական կանոնների համապատասխան են կազմվել հարցաշարերը, կամ նույն թեստը բերել են մեզ մոտ, բայց կանոնները տարբեր են։ Ստացվում է՝ ուսանողը պետք է սովորի կանոնները, իմանա ճիշտը, բայց թեստն անգիր անի, որ սխալ պատասխանը չնշի»,-ասում է Սոնա Հախվերդյանը։
Փոփոխությունները պետք է բովանդակային լինեին՝ նկատում է մասնագետը։ Մինչդեռ վրիպակներն այնքան ակնհայտ են, որ անգամ սկսնակ ուսանողներն են դրանք գտնում՝ ասում է Սոնա Հախվերդյանը։ Հարցաշարի հրապարակումից հետո Սոնան ինքն է դիմել Ճանապարհային ոստիկանությանը՝ հայտնելով, որ պատրաստ է համագործակցել, օգնել սխալները շտկելու հարցում, սակայն համագործակցությունը այդպես էլ չի կայացել։
«Ես ուղարկեցի, մի քանի ժամ տրամադրեցի, սխալները հանեցի․ միայն առաջին բաժնից 6 սխալ էի հանել, կետերով նշել։ Իրենք ստացան, ասացին կդիտարկեն, բայց անցավ 3 շաբաթ, և նույն սխալներով հարցաշարը մտավ ուժի մեջ»,- պատմում է Հախվերդյանը։
Մասնագետը նկատում է՝ հաճախ հենց հարցաշարերի սխալներն ու թերություններն են ստիպում վարորդի թեկնածուներին պատասխաներն անգիր սովորել՝ ճանապարհային երթևեկության կանոնները յուրացնելու և կիրառելու փոխարեն։
«Տեսեք՝ բազմաթիվ դեպքեր ունենք, որտեղ իլյուստրացիան հարցի հետ չի համապատասխանում, օրինակ՝ հարցադրումն արվում է, որ հետագծով է հետադարձը թույլատրվում, բայց երկրորդ և երրորդ գոտիներից ձախ շրջադարջի հետագիծ է տրված նկարի մեջ, այսինքն՝ հետադարձ պատկերող նկար առհասարակ չկա, և պատասխանն էլ նշում են «ցանկացած»։ Այստեղ կամ հարցն է սխալ, կամ հարցն ու պատասխանը ճիշտ են, իլյուստրացիան է սխալ։ Չի կարող ցանկացած գոտուց թույլատրվել հետադարձ, բայց նկարի մեջ էլ չկա ձախ գոտուց հետընթաց»։
Ճանապարհային ոստիկանությունում չեն ժխտում, որ հարցաշարում թերություններ ու վրիպակներ եղել են, բայց պնդում են՝ շտկումներ անելն ու բարելավելը անդադար պրոցես է։ Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ մինչ նոր հարցաշարի ուժի մեջ մտնելը, սխալներն ու վրիպակները շտկվել են։ Ոստիկանությունում հավաստիացնում են, եթե ՃՈ պաշտոնական կայքում հրապարակված և այժմ գործող հարցաշարում քաղաքացիները որևէ վրիպակ կգտնեն, իրենք պատրաստ են լսել և շտկումներ անել։
«Իրականում, այո, կարող են լինել այնպիսի հարցեր, որոնք բնագավառի մասնագետի համար որևէ թյուրըմբռնում կամ կասկած չեն առաջացնի, բայց վարորդի թեկնածուին կարող են տարընկալման առաջ կանգնացնել։ Իհարկե, եղել են դեպքեր, որ ավտոդպրոցների ներկայացուցիչները, քաղաքացիները մեզ դիմել են, մենք ընդունել ենք և հարցեր կան, որոնք փոխվել են, պատասխաններ կան, որոնք շտկվել են կամ վերաշարադրվել են»,-պարզաբանում են Ճանապարհային ոստիկանությունից։
Եթե մասնագետները խոսում են սխալներից ու թերություններից, ապա ոստիկանությունում վստահ են, որ փոփոխությունների արդյունքում երթևեկություն են վստահվելու է ավելի պատրաստված ու կիրթ վարորդներին։ Ի դեպ՝ նոր փոփոխությամբ տեսական քննություն հնարավոր է հանձնել արդեն 5 լեզվով: Հայերենին ու ռուսերենին ավելացել են նաև անգլերենը, պարսկերենն ու արաբերենը: Սարգսյանը պարզաբանում է՝ օտարալեզու քննության պահանջարկ կար հատկապես Սփյուռքից հայրենիք վերադարձած քաղաքացիների շրջանում։







