ԿարևորՏնտեսական

Ռեկորդային անորոշությունների ֆոնին գործադիրում ռեկորդային թվերից են խոսում

Մինչ միջազգային վարկանշային կազմակերպությունները, տնտեսական անորոշություններն ու գլոբալ գնաճը հիմք ընդունելով, զուսպ են իրենց կանխատեսումներում, Հայաստանի կառավարությունում ընթացիկ տնտեսական զարգացումների առումով լավատես են։ Խորհրդարանում այսօր հնչել են առաջին եռամսյակի տվյալները՝ 8,6 տոկոս տնտեսական աճ, առաջին քառամսյակում՝ 9,4 տոկոս։ Խորհրդարանականներին կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ 2021-ի բյուջեի կատարողականն են ներկայացրել։ Իսկ վարչապետ Փաշինյանը  ռեկորդային ցուցանիշերից է խոսել։

8․8 տոկոս` ապրիլն ապրիլի համեմատ՝ երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշն է։ Ամենացածր տեմպն արդյունաբերությունում է՝ մոտ 1 տոկոս։ Բայց այս տարվա առաջին 4 ամսում արդեն աճ կա՝ արդյունաբերական ծավալն ավելացել է 2․6 տոկոսով։ Ամենաբարձր աճը՝ մոտ 8․5 տոկոս, առևտրի ոլորտում է։ Սակայն տնտեսական աճին հավասար ավելանում է նաեւ գնաճը՝ 8․4 տոկոս եւ տնտեսական անորոշությունները՝ դրսի ռիսկերով պայմանավորված։

Այս ֆոնին բարձր գնաճը փորձ է արվում չեզոքացնել ոչ միայն աշխատավարձերի բարձրացմամբ, այլեւ պարգևավճարներով։ Վարչապետը խորհրդարանում աճի այլ ցուցանիշերից էլ է խոսում՝ միջին աշխատավարձի աճ՝ 34․4 տոկոս, աշխատատեղերի ավելացում՝ 5300–ով․ 

«ՀՀ–ում ապրիլին ունենք գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ։ Այստեղ մենք հաշվառում ենք այն աշխատատեղերը, որոնց դիմաց վճարվել է աշխատավարձ և հաշվարկվել է եկամտային հարկ։ Ըստ այդժմ՝ ապրիլին աշխատատեղերի թիվը 664  736 է, որը 2018 թվականի նկատմամբ ավել է 123 308–ով։ 2018–ից ի վեր ՀՀ–ում ի հայտ է եկել 123 308 նոր աշխատատեղ»։

Միջազգային կառույցները, սակայն, իրենց գնահատումներում ավելի զուսպ են ու պակաս լավատես։ Տարին Հայաստանը կփակի 8%-ից բարձր գնաճով, իսկ գների աճը կարագանա՝ ԵԱԶԲ-ի կանխատեսումն է, հիմքում՝ արտերկրից ներկրման դժվարությունները, ներմուծվող ապրանքի թանկացումները։ 2023-ին սպառողական գները գուցե ավելի դանդաղ աճեն՝ մոտ 5 տոկոս, քանի որ, միջազգային գնահատումներով, գնաճը կկայունանա։

Հայաստանի Ֆինանսների նախարարությունում գների աճին հետեւում են։ 2 տարի շարունակ գնաճային ֆոն է՝ արձանագրում է ֆինանսների նախարարը։ Այստեղ  փորձում են հակազդել, իսկ որպես հակազդման գործիք դիտարկում նաեւ պարգեւավճարները, բայց այստեղ կան «բայց»-եր, ու դրանցից խոսում է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ ֆինանսների նախարարը՝ Տիգրան Խաչատրյանը․

«Լավ ժամանակներում այդ պարգևավճարները կարող են տրվել, իսկ երբ գործ ունենանք ճգնաժամային իրավիճակների հետ, այդ ժամանակ հաշվի առելով,որ դրանք պարգևավճարներ են, և դժվար ժամանականերում կարելի է մեկանբանել է, թե ինչի կարելի է ժամանակավորապես մեկնաբանել դրանց սահմանփակումը, այդպիսի որոշում է կայացվել»։

Կենտրոնական բանկի մարտի կանխատեսմամբ՝ տարին մոտ 6․5 տոկոս գնաճով կփակվի։ Բայց  անորոշություններն ու վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն էլ, ըստ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի, գնաճի կարող են բերել։ ԿԲ-ն կարող է գնաճն արագ վերադարձնել իր թիրախին, բայց դա տնտեսության համար թանկ կարժենա՝ բացատրում է Երիցյանը․

«Դրսից եկող գնաճի շոկն էներգակիրների թանկացումն է և տրանսպորտային արժեշղթաների խեղումն է, որը լոգիստիկ ծախսերն աշխարհի մակարդակով է բարձրացրել»։

Մեր երկրի տնտեսության հիմնական շոկերը պայմանավորված են ռուս–ուկրաինական հակամարտությամբ։ ՌԴ-ն Հայաստանի թիվ 1 գործընկերն է։ ՀՊՏՀ տնտեսության կարգավորման ու միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ պատժամիջոցները  հիմնականում ֆինանսական  են, իսկ սա արդեն խնդիր է Հայաստանի տնտեսության ու քաղաքացիների համար․

«Ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունները, բանկերը ունեն նաև մասնաճյուղեր ՀՀ–ում։ Սա նույնպես մտահոգվելու առիթ է։ Նրանք ընդհուպ կարող են սնանկանալ։ ՌԴ-ում մոտավորապես 1 մլրդ դոլար գումար է այս պահին սառեցված կամ պատժամիջոցների տակ դրված։ Դրանք տնտեսվարողների, բանկերի ռեսուրսներն են, նաև՝ պետական միջոցներ են։ Դա ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա» ։

2021-ին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվանից 24.5%-ով ավելի։ Հայաստանից արտահանվող ապրանքների կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը  28% է, իսկ ներմուծման կազմում՝ 33.3%:  Արտահանման մասով Ռուսաստանին հաջորդում է Չինաստանը՝ 13% տեսակարար կշռով, ներմուծման գծով ևս նշված երկիրն է՝ 16.2% կշռով։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանը նկատում է՝ մատակարարման շղթայում խնդիրներն ակնհայտ են․

«Արտահանման գործընթացը կասեցված է, ինչը խոչընդոտներ ու ռիսկեր է առաջացնում հենց մեր արտահանողների համար՝ պայմանավորված ռուբլու արժեզրկմամբ։ Հայկական ապրանքների գները ռուսական շուկայում արդեն մրցակցային չեն։ Կարճաժամկետ հատվածում արտադրողները, արտահանում իրականացնելիս, խնդիրներ են ունենալու։ Երկարաժամկետում, եթե ռուբլին կայունանա, գուցե հնարավոր լինի նորից ոլորտներ նվաճել․ սա այն դեպքում,եթե ՌԴ–ից դուրս եկած ընկերությունները չվերադառնան»։

Ու չնայած բյուջետային թվերի ֆինանսական տարափին՝ չկա գնահատում, թե տնտեսությունը որքանով է ստվերից դուրս եկել։ Բայց պետական վիճակագիրները մեկ այլ ցուցանիշ էլ են ընդգծում․ հարկեր–հնա հարաբերակցությունն, ըստ  վարչապետի, անցյալ տարի  ռեկորդ է գրանցվել՝ 22․7 տոկոս, միջնաժամկետ հատվածում այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել 25 տոկոսի։

Իսկ ռեկորդային գնահատումների կողքին կրկին միջազգային զուսպ գնահատումներն են՝ Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի կդանդաղի մինչեւ 1,0%, իսկ 2023 թվականին կաճի 3,5%-ով։  

Կարդացեք նաև

Back to top button