ԿարևորՔաղաքական

Օրվա քաղաքական օրակարգում՝ ընդամենը 1 նախադասություն․ ինչո՞ւ են պաշտոնյաները խուսափում այն ասել

Նախնական պայմանավորվածություններով՝ այս շաբաթ Մոսկվայում պետք է կայանա սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ–ադրբեջանական հանձնաԺողովների երկրորդ նիստը։ Հայաստանի ԱԺ նախագահն այս պահին տեղեկություններ չունի օրվա և ժամի մասին։ Փոխարենը գործող և նախկին իշխանությունները շարունակում են փոխադարձ մեղադրանքները՝ պարզելու, թե երբ է իջեցվել Արցախի կարգավիճակի նշաձողը։  

Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում կարևորագույն հարց է դարձել մեկ պարզ նախադասությունը։ Ընդդիմությունը պետական բոլոր կառույցների մոտով շրջում է՝ պաշտոնյաներից լսելու՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Սակայն  պետական համակարգի ներկայացուցիչներն առայժմ փորձում են հիմնավորել, թե ինչու այդ նախադասությունը չեն ասում։

Ի՞նչն է խանգարում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ մեկ նախադասությամբ հաստատել՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի։ Սիմոնյանն ասում է՝ չի դժվարանում, խանգարող որևէ հանգամանք չկա, կա զգուշավորություն՝ չխանգարել կամ չսահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները։ Ինքն, ասում է, բանակցող չէ, ու միայն լավ վերնագրի համար հարկ չի համարում արտաբերել այդ նախադասությունը․

«Ես հիմա գտնում եմ, որ հիմա այդ հարցին պետք է չպատասխանեմ։ Նախ՝ ամեն րոպե իրավիճակ է փոխվում և բանակցությունները ամեն րոպե իրավիճակ են փոխում, և հիմա ՀՀ–ն ասում է հետևյալը, որ այնտեղ կա Արցախի բնակչություն, որը ունի իրավունքներ և այդ իրավունքից է պետք բխեցնել կարգավիճակը»։

Հայաստանում մտահոգություններն ավելացան հատկապես բրյուսելյան վերջին հանդիպումից հետո, երբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ»–ի փոխարեն օգտագործեց «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներ և ազատություններ» ձևակերպումը։

Տարբեր իշխանությունների ժամանակ փոխարտգործնախարար աշխատած Շավարշ Քոչարյանն Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը ոչ թե միջազգային հանրության պահանջն է համարում, այլ Հայաստանի իշխանությունների  նախաձեռնությունը։ «Առավոտ» թերթին դիվանագետն ասել է․

«Երբ մենք ԵՄ հետ ստորագրեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ի՞նչ կար այնտեղ գրված․ միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ իրնքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ դա եղել է ԵՄ դիրքորոշումը։ Հիմա այսօր, երբ Շառլ Միշելը այդպիսի բան է հայտարարում, որը հակասում է իրենց իսկ ստորագրված փաստաթղթին նաև, հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր դա լինել»։

Արցախի կարգավիճակի իջեցման մասով այլ պնդումներ է անում իշխանությունը։ ԱԺ-ի նախագահը տարբեր օրինակներ է բերում, նկատում է՝ եթե ոչ ուղիղ տեքստով, ապա ակնարկներով ու դրան հանգեցնող մտքերով այդ մասին միշտ խոսել են նախկին իշխանությունները․

«Իսկ 1998 թվականից ի վեր որևէ մեկը խոսե՞լ է Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին։ 98 թվականից ի վեր Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու «տեսական հավանականությունը» եղել է բոլոր իշխանությունների օրակարգում՝ Մարդրիդյան սկզբունքները, Մեղրին Արցախով փոխարինելու սկզբունքները և այլն, և այլն։ Սերժ Սարգսյանը ամբողջ ժամանակահատվածում, մասնավորապես, իր կառավարման վերջում փորձել է հանրությանն այդ միտքը ասել, որ իրենք բանակցել են այն բանի մասին, որ այլևս չեմ կարողանում բանակցային առումով Արցախը դուրս բերել»։   

Այս մասին ավելի բաց խոսեց վարչապետ Փաշինյանն ԱԺ–ում՝ հիշեցնելով՝ Ղարաբաղի հարցում հայկական կողմը պետք է հենվեր 1991-ին ԼՂԻՄ-ի անցկացրած անկախության Հանրաքվեի և Անկախության Հռչակագրի վրա, որով տարածքը դուրս եկավ Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից։ Ըստ Փաշինյանի՝ իրավիճակը փոխվել է 2007-ից՝ Մադրիդյան սկզբունքների պատճառով, ըստ որոնց՝  ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի  տեղի ունենալիք նոր հանրաքվեով, մինչդեռ հանրաքվե արդեն եղել էր․

«Ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ քննարկում Արցախի նոր կարգավիճակ ստանալու հարցը՝ քիչ չէ, մի հատ էլ ասում ենք, որ իր հետ համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա։ Այսինքն, մադրիդյան սկզբունքներըն ընդունելով, դա ընդունած Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում։ Հաջորդը՝ մադրիդյան սկզբունքներում արձանագրված է՝ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ–ում ապրած ադրբեջանցիները։ Եվս մեկ հարված է հասցվել 1991–ի դեկտեմբերի 10–ի Հանրաքվեի լեգիտիմությանը։ Ամենամեծ սենսացիոն փաստն այն է, որ փաստացի կարող ենք ասել, որ Մադրիդյան սկզբունքների հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է։ Ինչո՞ւ են այս ամեն ինչը արել այդ մարդիկ»։

Այս պահի համար Փաշինյանը հստակեցնում է՝ բանակցում են հստակեցնելու բանակցությունների ձևաչափերը։ Երբ ըմբռնում ձևավորվի, կանեն ամենը՝ լուծելու նախ ԼՂ անվտանգության ապա դրանից բխող կարգավիճակի հարցը։  Բայց օրակարգի այսպես ասած խորագիրը խաղաղությունն է։

Հստակեցումներ արվում են նաև Արցախից։ Արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքում պատասխանում է սեփական հարցին՝ ինչ կլինի, եթե չլինի Արցախը․

«Եթե չլինի Արցախը, արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով գործնականում անհնար կլինի։ Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման»։

Իսկ վերլուծական դաշտում քննարկում են վարկածները՝ ինչո՞ւ է այս փուլում շտապում աշխարհը՝  ստանալ Հայաստանի ստորագրությունն ինչ-որ փաստաթղթի տակ։ Միջազգային արձագանքների մասին իր դիտարկումն ունի Արցախի պետնախարարը։ Լեռնային Ղարաբաղի մասով ձեւակերպումները նրան մտահոգում են։ Արտակ Բեգլարյանն այն համոզմանն է, որ Եվրոպական խորհուրդն այն ձևաչափը չէ, որտեղ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը պետք է քննարկվեն, որովհետև դրա համար կա ձևավորված միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբ:

Կարդացեք նաև

Back to top button