ԿարևորՄշակույթ

Արվեստի գործեր՝ խրամատից․ երբ ստեղծագործում են պատերազմ տեսած ձեռքերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվել  է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացվել են   Արցախյան պատերազմի մասնակից, այդ թվում՝ նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները՝ կերպարվեստ, դեկորատիվ — կիրառական արվեստ, լուսանկարներ, քանդակներ։

«Ամենահուզիչն այն է, որ ինձ  ասում են՝ ձեր տղան իմ տղայի  հերոսն էր։ Բայց ես այնքան կուզենայի, որ իմ տղան ողջ մնար ու լիներ նրանց կենդանի  հերոսը»․  քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրն է՝ տիկին  Գայանեն։  «Հայ-արտ» մշակութային կենտրոնի  ցուցասրահում Ադամի նկարներն են՝ գծանկարներ, գրաֆիկա, կոմպոզիցիաներ, նատյուրմորտներ։ Տիկին Գայանեն ասում է՝ Ադամը շատ ավելի սիրում էր գծագրություն, իսկ  նկարելը պարզապես հոգեվիճակն արտահայտելու պրոցես էր։

Տիկին Գայանեն 44 -օրյա պատերազմի հերոսների  ծնողների հետ համացանցով  է ծանոթացել։ Նրանց կապել է ընդհանուր ցավը։ Ծանրությունն ու դառնությունը սեփական հոգում՝ փորձում  է օգնել մյուսների ծնողներին՝ դուրս գալ այդ վիճակից։

«Հայ Արտ»  մշակությային  կենտրոնում քառօրյա ու 44-օրյա պատերազմների  հերոսների ու պատերազմն անցած տղաների  նկարներն են, քանդակններն ու գրաֆիկական աշխատանքները։  Ծրագրի կազմակերպիչն է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը:

Արթուր Բալասանյանի մայրը ՝ տիկին Անահիտը, ցույց է տալիս որդու նկարներն ու  ասում․ «Արթուրը վառ պատկերացում ուներ»։  Ընդունվեց Գեղարվեստի ակադեմիա ու զորակոչվեց բանակ։ Մոտ 1,5  ամիս ծառայեց  Ջրականում ու ոչ մի օր չբողոքեց  ծառայությունից։

«Երբ զանգում էր, անգամ պատերազմի օրերին, ասում էր՝ ընտիր է»։

Ցուցահանդեսին Արթուրի ընդունելության քննություների աշխատանքներն են։

Մեր զրույցին միանում է 9-ամյա  Մարինա Գալստյանը՝ Արթուրի քրոջ աղջիկը, ու ասում՝ որոշել է նկարչուհի դառնալ ու քեռու նման նկարել։

Չորացած ճյուղեր ու կախված ջրի կաթիլ․ 44- օրյայի մասնակից  Յուրի Ղազարյանի աշխատանքն է։ Ծառայել է Մատաղիսում։  Զորամասում առաջին երկու կրակից հասկացան՝ պատերազմ է սկսվել։ Յուրին ասում է՝ դեռ  փոքրուց է նկարել եւ ողջ  էմոցիաներն արտահայտել նկարներով։  Պատերազմից հետո դժվար էր նկարել, բայց ուժ տվողը ու պատերազմի դաշտում օգնողը մոր ժպիտն էր։

Ցուցահանդեսին 30 արվեստագետների աշխատանքներ են, կներկայացվեն եւս մեկ օր։

Կարդացեք նաև

Back to top button