ԿարևորՔաղաքական

Կրակոց՝ «խաղաղության օրակարգի» ուղղությամբ․ երբ մեղադրում է մեղավոր կողմը

Հայ-ադրբեջանական փոխադարձ  ըմբռնման փորձերը և սահմանին փոխվարչապետերի բանակցությունների ընթացքը խաթարվեցին նոր սադրանքով։ Ադրբեջանական կրակոցից մահացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, ինչին արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ մեղադրելով Բաքվին։ Մեկ այլ արձագանք Հայաստանի ԱԳՆ-ից հնչել էր նախօրեին՝ կապված Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների հետ։ Մինչդեռ իր հերթին մեղադրանք է հնչել նաեւ Բաքվից, որը չի պահում եռակողմ փաստաթղթերի տակ դրված իր իսկ ստորագրությունը։ Ու մինչ հակամարտ կողմերը խոսում են խաղաղության գործընթացը տորպեդահարելու և խոչընդոտելու մասին, Հայաստանի ներքաղաքական դաշում էլ հանդարտ չէ։

Պաշտոնական Երևանը կրկին շեշտում է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելն անհրաժեշտություն են։ Սա հիմնավորվում է հրադադարի ռեժիմի հերթական խախտմամբ ու փաստով՝ ադրբեջանական սադրանքն օրեր առաջ խլեց հայ զինծառայողի կյանքը։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց՝ մեջբերում․

«Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»։

«Խաղաղության դարաշրջանի» ձգտող Հայաստանի ու Ադրբեջանի համար դիրքորոշումներ պարզելու նոր փուլ է սկսվել։ Հստակեցվում են, սակայն, ոչ թե առաջիկա աշխատանքը, այլ կողմերի ընկալումները։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն փոխանակում են հայտարարություն–պատասխաններ։

Մոտ մեկ շաբաթ առաջ հայ–ադրբեջանական սահմանին հանդիպեցին սահմանազատման և անվտանգային հարցերով երկկողմ հանձնաժողովի փոխվարչապետ ղեկավարները։ Սա հաշվի առնելով՝ հայկական կողմը պնդում է, որ միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։ Հայաստանի արտգործնախարարությունը կարևորում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի  երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատեն Ադրբեջանի սադրիչ գործողությունները ու  ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք  խաղաղության ջանքերը խաթարում են։
Մինչդեռ Ադրբեջանի պատասխան հայտարարությունում մեղադրանքի սլաքները Հայաստանի ուղղությամբ են։ Ադրբեջանը, որը խախտել է հրադադարն ու սպանել հայ զինծառայողին, այժմ Հայաստանին է մեղադրում ապակառուցողական մոտեցման մեջ՝ նշելով, թե ԱԳՆ հայտարարությունը, իբր, «ակնհայտորեն   բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարում է»։ Սա այն դեպքում, երբ նույն Ադրբեջանի ղեկավարն էր սահմանային սադրանքի նախօրեին խոսում ուժի իրավունքի, միջազգային հանրության լռության և իրենց  ցանկությունների իբրև թե կատարման մասին՝ նաև կրկնելով, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, ԼՂ չկա և չկա ԵԱՀԿ ՄԽ։

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքում է՝ Ադրբեջանն ինքն է ստորագրել փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, ու դրա տակ Ալիեւի ստորագրությունն է․

«Դա 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան։ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմի  վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, հետևաբար՝ Ադրբեջանն այն չի կարող լուծարել կամ նրա առաքելությունը ավարտված համարել»:

ԵԱՀԿ ՄԽ  միջազգային մանդատի կարևորությունն ընդգծվել է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ ապրիլի 19-ի համատեղ հայտարարությամբ՝ դրանից բխող քաղաքական մեսիջներով։ Մոսկվայից վերադառնալուց հետո այս մասին խոսեց Հայաստանի վարչապետը․

«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող են ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն։ Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղյան կարգավորման միջազգային իրենց մանդատին հավատարիմ են մնում, չնայած հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել։ Առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցել կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»։

Սրան զուգահեռ հանդարտ չէ նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Առաջիկա 5 օրերին ընդդիմադիրները փորձելու են մտնել պետական տարբեր հաստատություններ և դրանց ղեկավարներից ստանալ հստակ մոտեցումներ հստակ հարցերի առնչությամբ։ Իշխան Սաղաթելյան․

«ՀՀ–ում գտնվող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հայտնի հստակ դիրքորոշում՝ Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ, սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերը դուրս բերման նախապայմանով»։

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ունի իր բացատրությունը, թե ինչու ընդդիմադիրները գործող պաշտոնյաներից և հատկապես դիվանագետներից չեն լսում իրենց ցանկալի արտահայտությունները.

«Բանակցային գործընթացը նուրբ մատերիա է,  պետականությունը և բանակցային գործընթացը չձախողելու համար երբեք պետք չէ այսպիսի սահմանափակումներ դնել դիվանագետների համար, որովհետև մեկ անգամ մեկ սահմանափակում դնելը, մեկ անգամ մի հայտարարություն անելը կարող է հետագա բանակցային գործընթացին   ոչ բարենպաստ ծառայել»։

Այսպիսի զգուշավոր մոտեցում, սակայն, կարծես միայն հայկական կողմն է ցուցաբերում։ Բաքուն՝ ի դեմս Ալիեւի, աչքի է ընկնում Հայաստանի համար անընդունելի և բանակցություններին խոչընդոտող  հայտարարություններով։ Ավելին՝  չի շտապում պահել անգամ իր ստորագրությամբ ամրագրված պարտավորությունները։

Հնդկական առաջատար «Վիոն» լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է՝ բացահայտ  խախտելով եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը եւ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Հակառակ հայկական զգուշավորությանը՝ պաշտոնական Բաքուն  շարունակում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ՝ արտգործնախարար Միրզոյանի ձեւակերպումն է։

Կարդացեք նաև

Back to top button