
ՀԱԷԿ-ում սահմանված ժամանակացույցով բնականոն ընթանում են 2022թ. պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները։ Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս տարի ատոմակայանն ավելի քիչ ժամանակով է դադարեցրել աշխատանքը։ Հունիսի վերջին երկրի հոսանքի գլխավոր մատակարարն արդեն այն կմիացվի ցանցին։ Մինչև 2036 թվականը երկրի գլխավոր հոսանք արտադրողը կաշխատի 2-րդ էներգաբլոկով, իսկ հետո արդեն՝ նոր բլոկով։ Թե ի՞նչ հզորությամբ ու ի՞նչ բլոկներ կլինեն՝ դեռ քննարկում են։ Մի բան հստակ է՝ Հայաստանի էներգետիկ ապագան ատոմային է՝ ասում է ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։
ՀԱԷԿ-ը երկրի էներգետիկ ցանցին կվերամիանա հունիսի 27-ին, երբ մասնագիտական բոլոր ստուգումները կավարտվեն։ Ատոմակայանն արդեն 40 եւ ավելի օր է՝ չի աշխատում հերթական պլանային աշխատանքների պատճառով։ Իսկ այժմ արդեն ատոմակայանի ռեակտորի լիցքավորումն ավարտված է։ Տարին մեկ անգամ ամեն լիցքավորման ժամանակ 349 վառելիքային կասետ է տեղադրվում։ ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանն արձանագրում է.

«Այժմ որոշ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգենք մինչև 2026թվականը։ Հայկական ատոմային կայանը, որպես շահագործող ընկերություն, որոշում է կայացրել դրանից հետո արդեն երկրորդ էներգաբլոկի աշխատանքները ևս տասը տարով երկարաձգել՝ մինչև 2036 թվականը»։
2021-ին ՀԱԷԿ-ը նախատեսված 141 օրվա փոխարեն կանգնել էր 166 օր՝ հստակեցնում է ՏԿԵ Հակոբ Վարդանյանը։ Ընդգծում է՝ հաջորդ տարի, հավանաբար, շահագործման երկարաձգմանն առնչվող աշխատանքները կավարտվեն։ Դրանից հետո ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի նախատեսված ժամկետով՝ տարեկան 48–50 օր։ Անցյալ տարի արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը.

«Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ–ի պահանջներին»։
ՀԱԷԿ-ի ամրությունն ու կենսունակությունն ավելացնելուն զուգահեռ մասնագիտական շրջանակները նաև նոր ատոմակայան կառուցելու մասին են մտածում։ Թե կոնկրետ ի՞նչ տեսակ կընտրեն՝ հայ–ռուսական մասնագիտական հանձնաժողովը դեռ կորոշի՝ քննարկումներից ու տարբեր ընկերություններից հայտեր ստանալուց հետո՝ «Ռադիոլուր»–ին ասում է ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը․

«Պետք է լսենք՝ ինչպիսի առաջարկներ ունի ռուսական կողմը, դրանցից որոնք կհամապատասխանեն մեզ։ Հերթով կքննարկենք, հայեցակարգ կմշակվի, ու երևի առաջիկա մեկ տարում արդեն կոնկրետ ռեակտորի կոնկրետ ընտրություն կկատարվի»։
ՀԱԷԿ–ում նաև սկսված են կայանի հովացման երկու աշտարակների կապիտալ նորոգման աշխատանքները։ Գործող ենթակայանն էլ առաջիկայում նորով կփոխարինվի։ ՀԱԷԿ-ում նախատեսում են նաև ևս մեկ պահեստարան կառուցել՝ օգտագործված վառելիքը պահելու համար։ 1990-ականներից, երբ փակվեց երկաթուղին, օգտագործված վառելիքի արտահանում չի կատարվել։ Մինչ այդ այն ՌԴ էր արտահանվում։ ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը տեղեկացնում է․

«3 շինություն արդեն կառուցված է, չորրորդի համար ունենք բոլոր պահեստամասերը։ Կկառուցենք։ Մենք մինչև 2034–2036թթ միջուկային վառելիքի պահպանման խնդիր չունենք»։
Գիտությունն արագ է զարգանում, գուցե առաջիկայում հնարավոր լինի օգտագործված վառելիքն այլ տեղերում նույնպես օգտագործել։ Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի էներգետիկ ապագան՝ Մովսես Վարդանյանը այլընտրանք, քան ատոմայինը չի տեսնում։ Նկատում է՝ վերականգվող էներգետիկան, իհարկե, լավ է, բայց որպես էներգիայի հիմնական աղբյուր դիտարկում է ատոմային էներգաբլոկի կառուցումը։




