
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագրի մեկնարկը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։




