
Արցախում անցկացվող «Ապագա հայկականը» ֆորումը, օրակարգում ունենալով տարատեսակ խնդիրներ, նպատակ ունի հանրային քննարկումների միջոցով առանձնացնել առաջնահերթ քայլերն ու անելիքները՝ հայկական պետությունների զարգացումն ապահովելու համար:
Համաժողովին նախորդել էր փորձագետների խմբի աշխատանքը, եւ հանդիպման մասնակիցների քննարկմանն էին ներկայացվել մի քանի սցենարներ։ Համաժողովին մասնակցում էին բոլոր համայնքների ներկայացուցիչները՝ լսելու նրանց դիտարկումները նաեւ ժողովրդագրական խնդիրների լուծման վերաբերյալ։
Արցախում ժողովրդագրական ճգնաժամ չկա, կան ժողովրդագրական խնդիրներ՝ սրված 44-օրյա պատերազմի հետեւանքով, ու դրանց լուծման սցենարներն Արցախում անցկացվող «Ապագա հայկականը» ֆորումի օրակարգում են։ Հանրային քննարկումներին մասնակցում են քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների ներկայացուցիչներ։

Ֆինանսիստ-տնտեսագետ, Արցախի պետհամալսարանի դասախոս Միհրան Թադեւոսյանը կարևորում է Արցախում մեխանիկական աճի խրախուսումը: Ըստ նրա՝ սփյուռքահայության, հայաստանաբնակների ներհոսքի համար պետք է նախ բնակարանային պայմաններ ապահովել։ Այս փուլում միայն բնական աճով դժվար է հասնել նպատակային ցուցանիշերին՝ ասում է Թադեւոսյանը։
Արցախում այսօր հարկային բավական լավ պայմաններ կան, և դա լայն հնարավորություն կտա մեր հայրենակիցներին՝ ներդրումներ անելու, եկամուտ ստանալու, զարգացնելու եւ զարգանալու:
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը շեշտում է՝ որեւէ դեպքում չպետք է թյուր տպավորություն ստեղծել, թե Արցախում ժողովրդագրական ճգնաժամ կա:
«Արցախում ժողովրդագրական ճգնաժամ չկա: Պարզապես, հետհակամարտային իրողություններով պայմանավորված, կան բնականոն զարգացումներ»:

Բաղդասարյանը շեշտում է այսպես ասած որակյալ ժողովրդագրության մասով առաջարկները՝ առանձնացնելով հատկապես ցանցային հոգեբանության աշխատանքի կարեւորությունը, նաեւ՝ ԶԼՄ-ների աշխատանքը:
«Տեղեկատվական առումով բավական լուրջ խնդիր կա, քանի որ վերջերս մի քանի իրողությունների բախվել ենք. ներկայացվում են Արցախի բնակչության տարբեր թվեր, ինչը լուրջ տեղեկատվական խնդիր է: Արցախն ունի 150 հազար բնակչություն, եւ եթե այս պահին շուրջ 30 հազար արցախցի ապրում է ՀՀ-ում, այդ բնակչությունը չի դադարում լինել Արցախի Հանրապետության բնակչություն: Առաջին իսկ հնարավորության, նրանց համար պայմաններ ստեղծելու դեպքում նրանք վերադառնալու են, մեծամասնության մոտ կա վերադարձի պատրաստակամությունը. այս ամենի ներկայացման հարցում է, որ ԶԼՄ-ները մեծ անելիք ունեն»,-ընդգծում է Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը:
Գոհար Գրիգորյանը Մարտունու սոցիալ-հոգեբանական կենտրոնի աշխատակից է, մասնագիտությամբ՝ հոգեբան: Ասում է՝ պատերազմից հետո մեծ հույսեր ուներ, որ Արցախ ետ կգան մարդիկ գաղափարներից մղված։
«Բայց, ցավոք, հիմա նաեւ պետք է արձանագրենք, որ նյութական ապահովվածություն ունենալու համար էլ են ետ գալիս Արցախ, որովհետեւ այստեղ դեռ շարունակում են պետական աջակցություններ տրամադրել, սոցիալական վճարներ վճարել. սա էլ կա: Հույս ունեմ, որ մարդիկ գաղափարական հողի վրա էլ ետ կգան»,- ասաց զրուցակիցս:
44-օրյայից հետո Մարտունու շրջանի շատ գյուղեր սահմանամերձ են դարձել, ու ժողովրդագրական հարցերը այսօր այստեղ ավելի քան ակնառու են:

«Ի՞նչն է մեզ ետ բերել պատերազմից հետո, եւ ի՞նչն է մեզ պահում Արցախում. անկախ նրանից, որ անվտանգության երաշխիքներ չկան, որակյալ ենթակառուցվածքներ չկան, կրթություն, առողջապահություն՝ ոչ մի բաղադրիչ ապահովված չէ: Շատերիս մեր երեխաներն են ետ բերել այստեղ՝ մեր բակը լավագույնն է»։
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն Վարդան Մարաշլյանը, ի դեպ, հենց այն մարդկանցից է, որ Արցախում պատերազմից հետո իր գործը սկսեց։ Իր ընտանիքին պատկանող «Մարաշլյան» ֆոտոստուդիան հիմնադրվեց 44-օրյայից անմիջապես հետո: Այս ներդրումը տնտեսական շահ չի հետապնդում, բայց հոգեբանական լուրջ ազդեցություն է ունենալու՝ համոզված է: «Ապագա հայկականը» ֆորումի քննարկումներում Վարդան Մարաշլյանը կարեւոր է համարում հասարակության տարբեր շերտերի հետ քննարկումներն Արցախում եւ Արցախից դուրս:
«Օրինակ, ծնելիությունն ինչպե՞ս է ընկալվում ընտանիքում՝ իբրեւ սոցիալական աջակցության միջո՞ց, թե՞ ընտանիքները գիտակցում են յուրաքանչյուր երեխայի գոյությունը, նրա կրթական, սոցիալական վիճակի ապահովումը, զարգանալու հեռանկարները»:
Զրուցակիցներս հույս ունեն, որ ֆորումի քննարկումները «միս ու արյուն» կստանան՝ առաջարկներից արտացոլվելով ժողոդրդագրական թվերի մեջ։




