ԿարևորՀասարակություն

Հայ օգնության ֆոնդը 27 դրամաշնորհ է տրամադրել գիտության ոլորտի ներկայացուցիչներին

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում այսօր տեղի է ունեցել ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։

2000 թվականից գործող ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 139 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 27-ը։ Ընտրված 27 դրամաշնորհներից 2-ը ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից։

27 գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են 19-ը՝ կանայք, իսկ խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 88 է։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:

«Մեծ հպարտություն ենք ապրում, որ ANSEF-ը, 22 տարի շարունակ հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է հովանավորել հայաստանցի գիտնականներին ու փորձ է անում նաև իր ավանդն ունենալ գիտության մեջ զարգացման առումով։ Չկա սփյուռքում որևիցե այլ կառույց, որն աջակցում է գիտությանն ու գիտական ուսումնասիրությունները․ այս առումով ANSEF-ը անգնահատելի ավանդ ունի։ ANSEF-ի յուրօրինակությունը նաև նրա մեջ է, որ գիտական ոլորտի սահմանափակում չունի ու հովանավորում է նաև հայագիտական թեմաները։ Վստահ եմ, որ դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստելու եք գիտության զարգացմանը, և հույս եմ հայտնում, որ մեր համագործակցությունը առաջիկա մեկ տարում շատ ակտիվ ու հետևողական կլինի»,- նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։

ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2022-ին 13 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 7 դրամաշնորհ՝ քիմիայի, 2-ը՝ ֆիզիկայի, 2-ը՝ աստղաֆիզիկայի, 1-ական՝ կենսատեխնոլոգիայի, կենսաինֆորմատիկայի և կենդանաբանության։

«ՀՕՖ-ի հետ ես չէի համեմատի որևէ այլ հիմնադրամ, իսկապես։ Նաև պիտի նշեմ աշխատանքի նկատմամբ ՀՕՖ-ի դեմոկրատական մոտեցումը, որը շատ կարևոր է։ Սովորաբար գումար տրամադրելիս շատ բյուրոկրատ են լինում, բայց ANSEF-ի պարագայում բոլորովին այդ դեպքը չի․ շատ հեշտ է, ուղղորդում ու օգնում են բոլորին։

Առհասարակ ՀՕՖ-ի հետ մեր համագործակցությունը սկսվեց ու զարգացավ նաև այդ փոխադարձ ըմբռնման վրա, շփումները բերեցին նրան, որ հասկացանք՝ կարելի է նոր ծրագրեր իրականացնել նաև դպրոցականների համար։ ՀՕՖ-ը սահմանամերձ Բերդում մեծ ծրագիր է իրականացնում, և Բյուրականի աստղադիտարանը սիրով միացավ՝ հատուկ ուշադրություն դարձնելով դպրոցականներին։ Իհարկե, պետք է ամեն ինչ դպրոցականից սկսել, որ գիտությունը ապագա ունենա։ Մենք խոսում ենք երիտասարդ գիտնականներից, բայց երիտասարդ գիտնականների վրա կկտրվի սերունդը, եթե ավելի ներքևից չսկսենք՝ դպրոցականներից, ուսանողներից», — ասել է Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, որն արդեն 8-րդ անգամ է արժանանում ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհին։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ընդգծել է ANSEF-ի կարևորությունը՝ որպես մշակութաստեղծ հիմնադրամ և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման վառ օրինակ ու շեշտել երիտասարդ գիտնականներին խթանելու ու Հայաստանի նման սակավ ռեսուրսներ ունեցող երկրի համար գիտատեխնիկական առաջընթացի անհրաժեշտությունը։

«Երևի թե 15 կամ 16-րդ անգամ եմ մասնակցում ANSEF-ի դրամաշնորհների հանձնման արարողությանը, ու ամեն անգամ մեծագույն հաճույքով ու հուզմունքով։ Սա շատ կարևոր ու առանձնահատուկ միջոցառում է բոլորիս համար։ Շնորհավորում եմ բոլորիդ և վստահ եմ, որ սա ևս մի փոքրիկ ներդրում է հայոց գիտության զարգացմանը, ու շնորհակալ եմ՝ հավատարիմ լինելու Հայաստանում գիտության զարգացման, ձեր ոլորտներում կատարած ուսումնասիրությունների, աշխատանքների ու արդյունքների համար», — ասել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը՝ հպարտությամբ շեշտելով, որ 22 տարիների ընթացքում 3167 դիմում-առաջարկներ են ստացել 567 գիտական խմբերից, իսկ կանանց կողմից ղեկավարվող գիտահետազոտական խմբերի թիվը շեշտակի աճել է՝ 2-3-ից դառնալով 19-ը։ 

Անցած 22 տարիների դրամաշնորհներ են ստացել 567 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2100 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 835 հազար դոլար:

Կարդացեք նաև

Back to top button