Բոլոր մարզերը հագեցած են բարձր անցողությամբ տեխնիկայով
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանում ձմեռը միշտ անսպասելի է գալիս: Մինչ կտեղա առաջին ձյունը, պատկան մարմինները միաբերան հայտարարում են, որ պատրաստ են հավուր պատշաճի դիմավորել առաջին, ու ոչ միայն, ձյունը ու իր հետ բերած անակնկալները: ԱԻ նախարարի հրամանով բոլոր ստորաբաժանումները, հատկապես ճանապարհները սպասարկողները, հագեցվում են անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով և պահեստամասերով, այսօր վստահեցրեց ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։ «Մենք այս բնագավառում ընդհանրապես խնդիր չունենք, անցյալ տարի էլ մենք լուրջ դեպքեր ենք սպասարկել՝ պայմանավորված մինչև 100 տրանսպորտային միջոցի ձյան արգելափակումից դուրս բերելու հետ: Մեծ ուշադրություն է դարձվում անվադողերի և ծանր տեխնիկայի նախապատրաստմանը, ինչի շնորհիվ արձագանքումն ու մարդկանց օգնության ցուցաբերումը միշտ լինում է ժամանակին և անհրաժեշտ ծավալով։ Հարցին միշտ շատ լուրջ ենք մոտենում, որովհետև ձմեռը միշտ գալիս է անսպասելի, ազգաբնակչությունը անվադողերը փոխած չի լինում, տրասնպորտային միջոցները պատրաստ չեն լինում»,- ասում է Խանգելդյանը։
ԱԻՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում անվադողերին և ծանր տեխնիկային։ Ձմռան անակնկալներին դիմակայելու նպատակով լուրջ համագործակցություն է ծավալվում նաև ավտոճանապարհները սպասարկող ընկերությունների, ինչպես նաև հերթապահ ստորաբաժանումների ու ճանապարհային ոստիկանության հետ, ասում է Հովհաննես Խանգելդյանը: Եթե նախկինում միայն մի քանի մարզ էր հագեցած բարձր անցողությամբ տեխնիկայով, ապա այս տարի բոլոր մարզերն են նման տեխնիկայով հագեցած:
Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը որոշ թվային տվյալներ նույնպես ներկայացրեց։ «Առաջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է 8507 արտակարգ պատահար, ինչը 514-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Զգալի աճ է գրանցվել ճանապարհատրանսպորտային պատահարների թվում՝ 263-ով կամ 14,8%-ով: 2039 ՃՏ պատահար է գրանցվել, զոհվել է 235 մարդ: ՃՏՊ-ների թվում մենք ունենք աճ և զոհվածների, և տուժածների թվաքանակով: Դրական ցուցանիշ է գրանցվել հրդեհների թվականում (նվազել է 20- ով, խմբ), աճել է թունավորումների թիվը՝ 5,1%-ով»։