
Որևէ ինքնավարություն Արցախի ժողովրդի համար ընդունելի չէ՝ Ստեփանակերտում ընթացող «Ապագա հայկականի» ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Սա ինքնանպատակ կամ քմահաճույք չԷ: Արցախի ժողովուրդը արդեն շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում ինքնավարություն Ադրբեջանի կազմում և գիտի վիճակագրական հստակ տվյալներով այն խտրական քաղաքականությունը, որ Խորհրդային Միության տարիներին վարվում էր Ադրբեջանի ղեկավարության կողմից: Արդյունքում Ստեփանակերտում և ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիների թիվն աճում էր, հայերի թիվը՝ նվազում: Արդյունքում, պարտադրանքի ձևով արցախցիներին պարտաֆրվում էր ադրբեջանական կենցաղ, մշակույթ և այլն: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որևէ ձևով Ադրբեջանի կազմում ներգրավված լինելն ու ընդգրկված լինելը մեզ համար ընդունելի չէ»,- շեշտեց նա:
Գեղամ Ստեփանյանը հիշեցրեց, որ Արցախի ԱԺ-ն, ԱԳՆ-ն, և անձամբ ինքը հստակ դիրքորոշում են հայտնել․ «Թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ իշխանությունները միաբերան նույն բանն են ասում՝ կարմիր գիծ կա և դա այն է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Չի կարող մեր ճակատագիրը որոշվել առանց մեր կամքը հաշվի առնելու: Չի կարող Բրյուսելում կամ Վաշինգտոնում նստածը որոշի, թե Ստեփանակերտում կամ Մարտունիում ապրող մարդը ինչպես պետք է ապրի. սա աբսուրդ է»:
«80 քաղաքացիական անձ դաժանաբար սպանվել է Ադրբեջանի կողմից, Բաքուն համակարգված կերպով իրականացնում է հայկական մշակույթի ոչնչացում ու վանդալիզմ, դրանից հետո ի՞նչ ինքնավարության մասին է խոսքը»,- հայտարարեց նա:
Գեղամ Ստեփանյանը նաեւ նկատեց․ «Եթե, օրինակ, ռուս խաղաղապահները մինչև Արցախ գալը այլ կարծիքի էին, ապա Արցախում լինելով, արդեն այս 1,5 տարվա ընթացքում բազմաթիվ այլ հանգամանքների են ծանոթացել, և տեսանելի է նաև նրանց վերաբերմունքը այս հարցերի վերաբերյալ: Եվ սա է պատճառը, որ մենք շատ հաճախ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկյացուցիչների ասում ենք, որ եթե մեզ չեն հավատում, ապա կարող են գալ ու սեփական աչքերով տեսնել իրականությունը, որից հետո էլ ձևակերպեն իրենց օրակարգերը»:
Անդրադառնալով Հայաստանի առաջարկած վեց կետեևին, Ստեփանյանն ասաց. «Հայաստանի դիրքորոշման մեջ, որն արտահայտված է վեց կետերում նշված էր Արցախի անվտանգ ապրելու իրավունքի ապահովում և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցում: ՀՀ-ն պետք է հստակեցնի, թե ի՞նչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակ ասելով և պետք է հստակեցվի գոնե այն մակարդակով, որ այդ վերջնական կարգավիճակը չի լինելու Ադրբեջանի կազմում»:




