
Ռուսական Wildberries առցանց ռիթեյլերը լոգիստիկ կենտրոն է բացել Հայաստանում, ինչը թույլ է տվել նաև տեղական արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Wildberries-ն իր առաջին լոգիստիկ կենտրոնն է բացել Հայաստանում՝ դա թույլ է տվել առցանց հարթակին տեղի արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։
Wildberries-ն առաջին անգամ Հայաստանում սկսել է աշխատել 2018թ.-ին, 2021թ.-ին գործարկվել է ֆրանչայզ, որը տեղական բիզնեսների հետ միասին բացում է պիկ-ապ կետեր։ Wildberries-ը շարունակում է ընդլայնել իր առցանց հարթակը տարբեր երկրների տեղական ձեռներեցների համար:
2020-2021 թվականներին ուղղակի վաճառքը բաց է եղել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի բիզնեսի ներկայացուցիչների համար, ասվում է հաղորդագրության մեջ։
Wildberries-ը Ռուսաստանում ամենամեծ առցանց մանրածախ վաճառողն է, որը շուկայում գործում է 2004 թվականից: Ընկերության ներկայության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի բոլոր մարզերը, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը և այլն։ Wildberries-ի շրջանառությունը 2021 թվականին աճել է 93%-ով և հասել 844 մլրդ ռուբլու։




