Ուղեւորափոխադրողները պահանջում են սակագնի խնդիրը լուծել մինչեւ ձմեռ
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով Երևանի քաղաքապետարանում ձևավորված հանձնաժողովը 3 ամսում ընդամենը 2 նիստ է անցկացրել, իսկ ուղևորափոխադրող ընկերությունները պահանջում են արագացնել աշխատանքները և որոշում կայացնել: Երեկ ուղևորափոխադրողների միության կողմից քաղաքապետարանին ներկայացվել է նման պահանջով բաց նամակ, որը 62 կազմակերպություններից 57-ը ստորագրել են։
Պարզվում է՝ տարիներ շարունակ ողևորափոխադրող ընկերությունները վնասով են աշխատել, խնդիրներ ունեցել են, բայց հաշվի առնելով ժողովրդի սոցիալ- տնտեսական ծանր վիճակը ուղևորավարձը չեն բարձրացրե. մեղմ ասած՝ բարեգործությամբ են զբաղվել։ Հիմա այլեւս սպասելու ժամանակ չունեն։
100 դրամ սակագնով հնարավոր չէ արժանավայել տրանսպորտ ապահովել, ավելին՝ անգամ շահութ ստանալ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բողոքում էին Ուղևորափոխադրող ընկերությունների միության ներկայացուցիչները։ Միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասում է, որ իրենք սպասում են, թե երբ Երևանի քաղաքապետի ձեւավորած հաձնաժողովը եզրակացություն կկայացնի ուղևորավարձի հետ կապված։ Նկատում է, որ հանձնաժողովը երեք ամսում երկու նիստ է արել։
Ուղևորափոխադրող ընկերությունների միության նախագահն ասում է, որ, եթե սակագինը լինի 150 դրամ, ապա դրա հետ իրենք համաձայն չեն լինի, քանի որ իրենց հաշվարկներով մեկ ուղեւորի համար արժեքը կազմում է 200 դրամ։ Նրա այս հայտարարությանը հետեւեցին լրագրողների տարաբնույթ հարցերը, ապա ասուլիսը վերածվեց բանավեճի։
«Մենք պատրաստ ենք աշխատել 150 դրամով, եթե մնացած 50 դրամը կառավարությունը դոտացիա տա։ Բացի դա՝ ուղևորների 10%-ը երթևեկում է անվճար, կառավարությունը դա էլ պետք է փոխհատուցի»,- ասաց միության նախագահը։ Ուղևորոփոխադրող ընկերությունների ներկայացուցիչները չհամաձայնեցին այն դիտարկմանը, թե քաղաքապետարանի հետ տանդեմ են կազմել, ավելին՝ նշեցին թե վիրավորված են վերջինիս վերաբերմունքից։