
Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի երեկվա նիստի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» հարցի կապակցությամբ ելույթ է ունեցել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը։
ՀՀ ԱԳՆ- ից հայտնում են, որ դեսպանը նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հայատյացության ահագնացող փաստերին` նշելով, որ դրա մասին շարունակում է ահազանգել միջազգային հանրությունը: Որպես օրինակ, դեսպանը նշել է, թե ինչպես Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները հեռուտաբանավեճերի ընթացքում միմյանց մեղադրում էին հայկական արմատներ ունենալու հարցում, խոսել է նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար՝ դպրոցական դասագրքերում հայերին վերագրելով «ֆաշիստ», «ահաբեկիչ» եւ այլ ձեւակերպումներ։
Դեսպան Նազարյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանում այդօրինակ բացահայտ ատելությունը հայերի հանդեպ կարելի է համեմատել ռասիզմի պատմության ամենասարսափելի օրինակների հետ, որի համար իշխանությունների կողմից գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները: Նշելով, որ հայատյացությունը Ադրբեջանում վաղուց դարձել է պետական քարոզչամեքենայի անքակտելի մասը՝ ՀՀ դեսպանը կոչ է արել ՄԱԿ անդամ պետություններին դատապարտել Ադրբեջանում աճող անհարդուժողականության ու ռասիզմի երեւույթները՝ հավելելով, որ նմանօրինակ դրսեւորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ծանրագույն ոտնահարումներին։




