
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը՝ Երևանում Հայաստանի ու Արցախի կառավարության անդամների հետ տեղի ունեցած խորհրդակցության սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արցախի պատվիրակությունը գլխավորել է նախագահ Արայիկ Հարությունյանը։
Այսօր հայտնի է դարձել նաև, որ մայիսի 13-ին Դուշանբեում հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը հաստատել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է, ծածուկ որևէ բովանդակության բանակցումն ու իրագործումն անտրամաբանական և անհնար է»,-վստահեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա արցախյան խնդիրը քննարկել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի կառավարության անդամների հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ։
«Կարևոր եմ համարում և բարձր է գնահատել վերջին շրջանում Արցախի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգ:
Ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգը ամենևին էլ պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքն ու պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Կա շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ և այս է այն օրակարգը որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»։
Արցախցու համար կարևորը ինքնորոշման իրավունքի հարցն է, և դրանից շեղվելու որևէ ուղղություն չկա՝ վստահեցրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող, երևի, չկա: Մյուս կողմից՝ ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որով սկիզբ ենք դրել շարժմանն առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում։ Այն տեսակետը, որ ձևավորված է, որ ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, որը նաև բխելու է Արցախի ժողովրդի տրամադրութուններից, ողջունելի է։ Իհարկե այլ կերպ հնարավոր էլ չէ»։

Արցախյան խնդրով քննարկմանը զուգահեռ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, նախարար Միրզոյանը համաձայնել է մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ռուսական առաջարկին:
Մինչ այդ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք և շարունակում է ակտիվ աշխատել թե Երևանի, թե Բաքվի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Զախարովան նաեւ ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցում Երևանի և Բաքվի միջև սկզբունքային տարաձայնություններ կան, և Ռուսաստանը կարող է դերակատարում ունենալ կողմերի մերձեցմանն օգնելու հարցում։
Սրան հաջորդեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգների վարչակազմը նույնպես բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք կարող են հանգեցնել հակամարտության վերսկսմանը։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը, անդրադառնալով Մոսվայից ու Վաշինգտոնից հաջորդաբար հնչող հայտարարություններին, նկատում է՝ միջազգային հանրությանն անում է հնարավորը իրավիճակը սառեցված պահելու համար․
«Հիմա ամենամեծ խնդիրը, որ ուզում են լուծել բոլոր կողմերը, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից, իրավիճակը սառեցված պահելն է, մինչև «ձեռքները հասնի դրան», մինչև նույն ՄԽ-ը կարողանա լուծումների գտնել։ Դա կարող է տարիներ տևել, առնվազն՝ մեկ-երկու ։ Կարևորն այն է, որ բոլոր երեք կողմն էլ ՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Հայաստան ու Ադրբեջան այցով ցույց տվեցին, որ մեղմ ասած իրենց դուր չի գալիս, որ Ադրբեջանը փորձում է այս պահից օգտվել ու էլի ինչ-որ բան կորզել։ Փառուխի դեպքից հետո եկան համանախագահններ, իհարկե բեյջերը փոխած, բայց դրանից իմաստը չի փոխվում»։
Ի տարբերություն միջազգային հանրության՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են հնարավորինս շատ կորզել Հայաստանից՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված անկայուն իրավիճակը, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմը։ ԵԱՀԿ միջնորդ երկրների ներկայացուցիչների այցերը տարածաշրջան նպատակ ունեին հանդարտեցնել իրավիճակը, որպեսզի արցախյան խնդրում կրկին լարում չառաջանա՝ ասում է փորձագետը։
Այդուհանդերձ այսօր Ալիևը դարձյալ փորձում է պայմաններ թելադրել ՝ «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, պետք է հասկանա, որ տարածաշրջանում «կղզիացած» ռեժիմում մեկուսացված մնալն անհնար է», –ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Նաև նշել է, թե Հայաստանը վերջապես համաձայնել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել սահմանազատման հարցերը քննարկելու համար։ Մանվել Ղումաշյանին այս հայտարարությունները չեն զարմացնում։
«Բա պիտի ասի, որ ինքն է ստիպել և ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող դրույթներ են դրանք։ Բա պիտի ասեն, որ ոչ թե Մոսկվայի միջնորդությամբ դա տեղի ունեցավ, այլ որ իրենք 5 առաջարկներ ներկայացրեցին ու Հայաստանն էլ ընդունեց։ Շատ մեծ վերապահումով պետք է ընդունել Ալիևի հայտարարությունները»,-նշում է փորձագետը։




