
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
H7 N9. գրիպի նոր ենթատեսակ, որի դեպքերը գրանցվել են առայժմ հարավասիական երկրներում։ Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով` արձանագրվել է այս ենթատեսակի գրիպի 137 լաբորատոր դեպք, որից 45-ը ավարտվել է մահվան ելքով: Վարակի աղբյուրը, ըստ ԱՀԿ-ի, տնային թռչուններն են, սակայն այս վարկածը դեռ հետազոտվում է:
Մեր հանրապետությունում շարունակվում է գրիպի և սուր- շնչառական վարակներով մոնիթորինգը, որի տվյալներով այս հիվանդություններով համաճարակային իրավիճակը հանրապետությունում համեմատաբար հանգիստ է։ Ըստ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Լիանա Թորոսյանի` այսօր հանրապետության գրեթե բոլոր հիվանդանոցները հագեցված են գրիպի լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ կարողություններով, որոնց շնորհիվ էլ հնարավոր է լինում ախտորոշել գրիպի ամբողջական ենթատեսակները: Ավելին՝ հանրապետությունում H7N9 գրիպի նոր ենթատեսակն ախտորոշելու համար ձեռք են բերվել թեստ-համակարգեր:
Առողջապահության նախարարությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկսել են բժիշկների վերապատրաստման միջոցառումներ իրականացնել: Մասնագետի տվյալներով` այսօր մեր հանրապետությունում բարդացած և հիվանդանոցներում հոսպիտալացված դեպքեր չկան։ Ըստ Թորոսյանի՝ գրիպը կարող է օրգանիզմում առկա այլ հիվանդությունների սրացումը խթանել։ «Եվս մեկ անգամ ԱՆ-ը կոչ է անում մեր ազգաբնակչությանը լինել զգոն, խուճապի մատնվելու որևէ առիթ ներկայումս չկա, բայց գիտենք, որ սեզոնի մեջ ենք արդեն և գործ ունենք այս վարակի հետ, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Պետք է զգոն լինել և առաջին իսկ ախտանշանների՝ հազ, ջերմություն, փռշտոց, գլխացավ, մկանացավեր, դեպքում չզբաղվելու ինքնաբուժմամբ»,- ասում է ԱՆ ներկայացուցիչը։
Թե’ կորոնավիրուսների, թե’ H7 N9- ի, և թե’ հասարակ գիպի դեպքում կանխարգելիչ միջոցառումները նույն են։ Պետք է մնալ տանը` վիճակը չբարդեցնելու համար, 3 օր պահպանել անկողնային ռեժիմ, բժշկի ցուցումով ընդունել առատ հեղուկներ, քանի որ այն հակացուցված է թոքային և սրտային հիվանդությունների դեպքում, քայլել բաց տարածքներում, օդափոխել սենյակը, լվանալ ձեռքերն ու անընդհատ մաքրել շրջակա տարածքը։
Աղոջապահության համաշխարհային կազմակերպության գրիպի ազգային համակարգողը նշեց, որ տարածաշրջանում և եվրոպական երկրներում իրավիճակը նույնպես հանգիստ է, սակայն քանի որ հիվանությունն անցնում է օդակաթիլային ճանապարհով, որևէ երկիր ապահովագրված չէ դրանից` հիմք ընդունելով այսօր առկա միգրացիոն պատկերը:




