
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղություններից է շարժական կապի հավելվածների շուկան: Ամեն օր հայտնվում են նոր ծրագրեր, որոնք լայնորեն կիրառվում են բջջային հեռախոսներում և պլանշետային համակարգիչներում: Այս ուղղությամբ որոշակի աշխատանք տարվում է և մեր մասնագետների կողմից։ Ծրագրավորող Վահրամ Գևորգյանը, ով զբաղվում է շարժական կապի հավելվածների ստեղծումով, նշում է, որ իր վերջին աշխատանքներից է նոր հայերեն ստեղնաշարը, որը գործում է iOS7 օպերացիոն համակարգի հենքի վրա։ Նորաստեղծ հավելվածը փաստացի թույլ է տալիս հայաֆիկացնել նշված համակարգով գործող սարքերը, ինչ մինչ այժմ անիրականալի երազանք էր օգտատերերի համար։
Անցյալ տարևերջին ծրագրավորողը հրապարակեց մեկ այլ հավելված՝ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի ինտերակտիվ տարբերակի տեսքով: Այն աշխատում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ներկայացված է հարուստ ձայնային և նկարային տեսքով: Հավելված-հեքիաթի ստեղծումը տևեց 4 ամիս: Այս մեկ տարվա ընթացքում այն սիրվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։




