Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Էսքիզներ, մակետներ, կոլաժներ, զգեստի էսքիզներ. Նկարիչների միությունում թատերական մթնոլորտ ապահովող այսօր բացված ցուցահանդեսում ներկայացված են 100-ից ավել գործեր: Որպես ցուցանմուշ ներկայացված են թատրոնի և կինոյի մասին պատմող կտավներ, դիմակներ, տիկնիկներ, հագուստներ և այլ պարագաներ:
Այս ցուցահանդեսը կարևոր է այնքանով, որ թե’ կինոյում, թե’ թատրոնում և թե’ հեռուստատեսությունում նկարիչների դերը մեծ է, սակայն այսօր նրանք մնացել են ստվերոմ, ասում է վաստակավոր նկարիչ, Նկարիչների միության թատրոնի և կինոյի նկարիչների սեկցիայի նախագահ Մարտիրոս Բադալյանը։ Նա խոստովանում է, որ ավելի հետաքրքիր ցուցադրություն կարելի էր կազմակերպել` ավելի շատ զգեստներ ցուցադրվեին մանեկենների վրա, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով չկարողացան: Նկարիչների միությունն ինքն է առաջակել երիտասարդ նկարիչներին մասնակցել ցուցադրությանը` դրանով խթանելով նրանց ստեղծագործական կարիերային։
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի խոսքով էլ` այսօրվա ցուցահանդեը տարբերվում է հենց իր անվանումով և այս ցուցադրությունն ուշագրավ է ցուցանմուշները ներկայացնելու ոչ ավանդական եղանակով։ Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա ռեժիսորներին ծանոթանալ նկարիչների աշխատանքին եւ կօգնի իրենց աշխատանքում։
Մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր պետք է տեղի ունենար նաև նկարիչների աշխատանքներն ամփոփող կատալոգի շնորհանդես, որը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվեց մի քանի օրով։