ԿարևորՀասարակություն

Ինձ համար առաջնահերթը երևանցու անվտանգ երթևեկությունն է. քաղաքապետը սակագնի բարձրացման մասին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի բացառում, որ  քաղաքային տրանսպորտի գինը կբարձրանա:  Հիշեցնենք, որ  հուլիսի 19-ին քաղաքապետարանը որոշում կայացրեց բարձրացրնել մայրաքաղաքային  տրանսպորտի ուղեվարձը։ Այս որոշումից հետո տեղի ունեցան բողոքի «Վճարում ենք 100 դրամ» ակացիաներ, իսկ մի քանի ակտիվիստներ նստացույց անցկացրեցին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի  և «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի հրաժարականները։
Այս բողոիք ակցիաների ֆոնի վրա որոշ ժամանակ անց կասեցվեց ուղեվարձը բարձրացնելու որոշումը։ Այժմ ձեւավորվել է հանձնաժողով, որը փուլ առ փուլ քննարկում է թե սակագինը ինչպիսին պետք է լինի։

«Եթե մենք ուզում ենք անվտանգ երթևեկություն և որակյալ սպասարկում ապահովել, այո’, այս սակագնով հնարավոր չէ դա իրականացնել»,- ասում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։Նա հայտնեց նաեւ, որ տրանսպորտի սակագնի վերանայման հարցով ստեղծված հանձնաժողովի նիստերը բաց են լուսաբանման համար եւ, հետևելով դրա աշխատանքներին, կարող ենք տեղեկանալ, թե երբ կհրապարակվի ուղեվարձի գինը: Քաղաքապետը նշեց նաև, որ երբ հանձնաժողովն իր վերջնական եզրակացությունը ներկայացնի, այն ժամանակ էլ իր գնահատականը կտա։

«Ինձ համար առաջնահերթը երևանցու անվտանգ և որակյալ երթևեկությունն է: Իսկ թե ինչ սակագնով կկարողանանք ապահովել, կորոշի հանձնաժողովը»,— նշում է քաղաքապետը։ Իսկ արդյո՞ք չի վախենում բողոքի նոր գործողություններից։ «Վախենալ-չվախենալու խնդիր չի, մենք պետք է մտածենք ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա մասին: Եթե տրանսպորտի խնդրին լուծումը չտանք, ապա երկու տարի հետո Երևան քաղաքում տրանսպորտ չի լինի: Թող շատերը հիշեն 90-ական թթ. սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Back to top button